«Փաշինյանն իր ընկեր Ալիևի համար զոհաբերում է Արցախը. դա հստակ մշակված ծրագիր է». Լարիսա Ալավերդյան

«Հայաստանը բախման կողմ չէ, և 1992թ. սկսած միշտ ֆիքսվել է, որ վերջնական որոշումը պետք է համաձայնեցված լինի Արցախի հետ: Արցախը պարտավոր է դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին: Կա Սահմանադրություն, որը պայմանագիր է իշխանությունների և ժողովրդի միջև. Կատարեք ձեր պարտավորությունները»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Շառլ Միշելի ցինիզմը, գիտե՞ք, ինչումն է. այն, որ եվրոպական համայնքում բոլորը գիտեն նրա բարոյական կերպարը, թողնում եմ մի կողմ, նա հետաքրքիր բան է ասել՝ ողջունել է այն, որ Ադրբեջանը պատրաստ է Աղդամով հումանիտար օգնություն ուղարկել Արցախ: Ես առաջարկում եմ շրջափակել Շառլ Միշելի աշխատավայրը, ապա առաջարկենք միջազգային ահաբեկիչներին՝ հումանիտար օգնություն տանել Շառլ Միշելին և իր աշխատակազմին: Ցինիզմը այդ արտահայտության սրան է հավասար: Հասկանալի է, որ նա անգամ մեկ ժամ չի համաձայնի մնալ շրջափակման մեջ: Երկրորդ՝ Շառլ Միշելը ավելին է, քան Եվրամիությո՞ւնը: ԵՄ-ն տարիներ շարունակ հստակեցրել է մի շատ կարևոր բան, ասել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացել է նույն կերպ, ինչպես նախկին սովետական հանրապետությունները: Եվ պետք է ասեմ, որ դա կոմպլիմենտ է նախկին սովետական հանրապետություններին, որովհետև բացի Հայաստանից, որևէ մեկն այդ նորմերը չի պահպանել»,- նշեց նա:

Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ Ադրբեջանը թե՛ 1918-ին, թե՛ 1991թ. անօրինական ձևով է կայացել. «Անգամ անկախության հանրաքվեն, որ ինքն անց է կացրել Սովետական Միության օրենքով, անց է կացրել 1991թ. դեկտեմբերի 29-ին, երբ արդեն Սովետական Միությունը գոյություն չուներ: Երկրորդ, այն, ինչ պնդում է մեր այսօրվա վարչակազմը՝ հղում անելով Ալմա Աթայի հռչակագրին, նշանակում է, որ ընթերցել չգիտեն: Այդ փաստաթղթի մեջ գրված չէ՝ սովետական սահմաններ, էդ որտեղի՞ց են դա կարդացել, ո՞ր նյութից են օգտվել, այնտեղ գրված է՝ существующих границ: 1991թ. դեկտեմբերի 21-ին չեն եղել նախկին սովետական սահմանները, այլ եղել են նոր կայացած սահմաններ: Ադրբեջանը դիմելով ՄԱԿ-ին, որ իրեն ընդունի իր կազմ, գրել է՝ сложившиеся границах, այսինքն՝ այն սահմաններով, որոնք փաստացի եղել են, իսկ այդ պահին Արցախը չի եղել Ադրբեջանի կազմում»:

Կարդացեք նաև

Նա նշեց, որ երբ Փաշինյանն Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչում, դա նրա և Ալիևի միջանձնային հարաբերությունների արդյունքն է, այլ ոչ՝ միջազգային իրավունքի. «Միջազգային իրավունքը որևէ մեկը չի չեղարկել: Միայն Ալիևը կարող է ասել՝ ի՞նչ միջազգային իրավունք, հիմա ուժն է որոշում: Հայաստանի իշխանությունները լեգիտիմ չեն, նրանք չեն կատարել անգամ իրենց նախընտրական ծրագրում նշված կետերը, բայց եթե անգամ լեգիտիմ լինեն, ո՞վ է ասել, որ միջազգային իրավունքը պետք է ներողամտությամբ դիտարկի, թե ինչպես է մի երկրի ղեկավար այլ պետության ժողովրդին զոհաբերում իր ընկերական հարաբերություններին: Փաշինյանն իր ընկեր Ալիևի համար զոհաբերում է Արցախը: Այս խումբը եկել է այդ մշակված ծրագրով և նպատակով, և ահա դա է, որ առաջինն Արցախը բռնակցվի: Ես նախկինում ասել եմ, որ միանգամից չեն կարողացել Արցախը բռնակցել Ադրբեջանին, բայց դանդաղ դա արել են»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս