Բաժիններ՝

Երևանում 40 կմ ոռոգման համակարգ կանցկացվի. Քաղաքապետարան

Երևանում 2023 թվականին 40 կմ ոռոգման նոր ցանց կանցկացվի: Շուրջ 24 կմ-ն արդեն պատրաստ է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«25 կմ-ն անցկացվում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից, 16.3 կմ-ը՝ Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության ուժերով: Նախատեսված է նաև նոր ջրագծերի անցկացում դեպի Աջափնյակ և Դավթաշեն»,-նշել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:

Գործող ջրագծերի մեծ մասը վթարված է, ջուրը հասցեներ չի հասնում: Ոռոգման նոր համակարգեր են անցկացվում զբոսայգիներում, փողոցների ու ճանապարհների հարակից հատվածներում: Բակերի բարեկարգմանը զուգահեռ՝ ոռոգման ջուրը դրանց կհասնի խողովակներով:

«Բակային տարածքների մոտ 90 տոկոսում ոռոգման համակարգ առհասարակ գոյություն չունի»,-ասել է Բեգոյանը:

Մետաղական հնամաշ ու վթարված խողովակները փոխարինվում են, տեղադրվում է նոր՝ անձրևացնող համակարգ: Սա խոտածածկ ստեղծելու լավագույն տարբերակն է: Որոշ հատվածներում կլինի նաև կաթիլային ոռոգում:

«70 տարվա խողովակներ էին, մշտապես վթարվում էին»,- նշել են ՀՈԱԿ-ի աշխատակիցները:

«Տեղադրվում են նոր պոլիէթիլենային խողովակներ, իսկ այն հատվածներում, որտեղ հատում են փողոցները, դրանք երկաթյա խողովակների միջով ենք անցկացնում, որը երկարեցնում է պոլիէթիլենայինների շահագործման ժամկետը:

Միաժամանակ, վերանորոգվում ու կառուցվում են պոմպակայաններ՝ անխափան ջրամատակարարում ապահովելու նպատակով:

Ոռոգման նոր համակարգերը հնարավորություն կտան վերականգնելու նախկին կանաչապատ տարածքները, նաև այդպիսի նոր գոտիներ հիմնելու հնարավորություն են: Քաղաքի կանաչ զանգվածն այս տարի կավելանա շուրջ 20 հա-ով, ինչը կարևոր է նաև քաղաքի բնապահպանական խնդիրները լուծելու տեսակետից:

«Ոռոգման համակարգը կանաչապատման առաջնային պայմանն է: Մենք հենց հիմա էլ կարող ենք հազարավոր ծառեր տնկել Երևանում, բայց մեզ մոտ այլևս ոչ մի թուփ չի տնկվում, քանի դեռ լուծված չէ ոռոգման խնդիրը»,-շեշտել է Արմեն Բեգոյանը:

2024 թվականին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը մտադիր է ոռոգման համակարգերն ընդլայնել ավելի մեծ ծավալով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս