Բաժիններ՝

ԱՄՆ նախագահը «շիտակ կխոսի» Զելենսկիի հետ․ Ջեյք Սալիվանը՝ Բայդեն- Զելենսկի հանդիպման մասին

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը «CNN This Morning»-ի եթերում մատնանշել է այն պատճառները, թե ինչու Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամակցություն չի առաջարկվի դաշինքի այս գագաթնաժողովի ժամանակ։ Ըստ նրա՝ այդ դեպքում դաշինքը պատերազմի մեջ կմտներ Ռուսաստանի հետ։ Բացի այդ, Կիևը պետք է լրացուցիչ բարեփոխումներ կատարի:

Սալիվանը նաև նշել է, որ Վիլնյուսում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի իր գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ «շիտակ կխոսի» նրա հետ, ինչպես նաև «ուշադիր կլսի»։

Ավելի վաղ Զելենսկին խստորեն քննադատել էր ՆԱՏՕ-ին՝ «աննախադեպ և անհեթեթ» անվանելով դաշինքին միանալու համար Կիևին ժամկետներ չտրամադրելը։ Սալիվանը նշել է, որ դաշինքը պատրաստ չէ Ուկրաինային անդամակցության հրավեր տալ այսօր։

«Նախագահ Զելենսկին, ակնհայտորեն, այլ տեսակետ ուներ այդ մասին: Բայց նախագահ Բայդենն այսօր, ինչպես նրանց միջև յուրաքանչյուր հեռախոսազրույցի և հանդիպման ժամանակ, շիտակ կլինի նրա հետ՝ ներկայացնելով իր հիմնավորումները, իր մտքերը և այնուհետև ուշադիր լսելով, թե ինչ ասելիք ունի նախագահ Զելենսկին»:

Ինչ վերաբերում է այն բարեփոխումներին, որ Ուկրաինան պետք է կատարի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, Սալիվանը նշել է, որ դաշինքը և Ուկրաինան «հատուկ շեշտ կդնեն որոշակի ոլորտներում արագ շարժվելու վրա՝ բարելավելու Ուկրաինայի ժողովրդավարության տոկունությունը»:

Վիլնյուսում ՆԱՏՕ-ի երկրների գագաթնաժողովը տեղի է ունենում հուլիսի 11-12-ը։ Գագաթնաժողովի շրջանակներում հուլիսի 12-ին կայացել է ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի անդրանիկ նիստը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս