Սիրիայի կառավարական զորքերը հրթիռային հարված են հասցրել Իրաքի տարածքին (տեսանյութ)
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ`Սիրիայի կառավարական զորքերը երեկ հրթիռային հարված են հասցրել Իրաքի տարածքին: Այս մասին հայտարարել է Իրաքի Յուշ Տապա քաղաքի (Նինվե նահանգ) քաղաքապետ Աբդուլլահ Աաալը:
Վերջինիս խոսքերով` Scud բալիստիկ հրթիռը պայթել է Սիրիայի սահմանից երեք կիլոմետր հեռավորության վրա ընկած գյուղից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Պայթյունի հետևանքով զոհեր ու վիրավորներ չեն գրանցվել, սակայն այն մեծապես ահաբեկել է տեղաբնակներին, որոնք անմիջապես լքել են իրենց երկիրը:
Դեպքի վայր ժամանած իրաքցի զինվորականները հայտարարել են, որ հրթիռը եղել է ռուսական կամ խորհրդային արտադրության, սակայն դժվարացել են հայտնել դրա կոնկրետ տիպը: Սիրիացի ապստամբներն արդեն մի քանի շաբաթ է, ինչ փորձում են իրենց վերահսկողության տակ առնել իրաքյան Նինվե նահանգին սահմանակից սիրիական Խասակա նահանգը: