ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը կոչ է արել միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել ԼՂ-ում երեխաների կյանքի պայմանների վատթարացումը կանխելու համար

ՄԱԿ Անվտանգության խորհրդում Միացյալ Թագավորության նախագահության ներքո հուլիսի 5-ին տեղի է ունեցել քննարկում՝ «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով, որում ելույթներով հանդես են եկել Զինված հակամարտություններում երեխաների պաշտպանության հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Վիրջինիա Գամբան և յոթ տասնյակից ավել ՄԱԿ անդամ-երկրների ներկայացուցիչներ։

Իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, մասնավորապես, նշել է, որ 2022 թ․ դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի վճռի խախտումով Լեռնային Ղարաբաղի շարունակվող շրջափակումը հատկապես ծանր հումանիտար հետևանքներ է առաջացրել երեխաների համար՝ անհնար դարձնելով դպրոցների ու նախակրթարանների գործունեությունը, առողջապահական ծառայությունների մատուցումը և առաջացնելով սննդի, դեղորայքի ու այլ կենսական ապրանքների խիստ կարիք։

Դեսպան Մարգարյանը նշել է, որ Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ կառույցների մուտքը Լեռնային Ղարաբաղ և տեղի բնակչության կարիքների համապարփակ գնահատումը` շեշտելով, որ Լաչինի միջանցքի արգելափակումը և շուրջ 30 հազար երեխաների ու նրանց ընտանիքների շրջափակումը վերջիններիս իրավունքների ծանր խախտում է: Դեսպանը կոչ է արել, որ միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղում ապրող երեխաների կյանքի պայմանների հետագա վատթարացումը կանխելու նպատակով։

Ընդգծվել է, որ ՄԱԿ-ը, իր Հումանիտար հարցերով գրասենյակը, Երեխաների ու զինված հակամարտությունների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը և Անվտանգության խորհուրդը երեխաների իրավունքների կոպիտ խախտումները կանխելու ու երեխաների ֆիզիկական անվտանգությունը երաշխավորելու պատասխանատվություն են կրում ամենուր, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31