«Րոպե անգամ իրավունք չունենք հապաղելու, եթե կան առաջնորդներ, թող քաջություն ունենան և դուրս գան հրապարակ». Արցախի թեմի առաջնորդ

Արդեն 200 օր է՝ Արցախը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ։ 120.000 խաղաղ բնակիչներ զրկված են կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմաններից, քանի որ ադրբեջանական կողմն օրերով անջատում է ինչպես գազամատակարարումը, այնպես էլ՝ էլեկտրաէներգիան։

Արցախում ստեղծված իրավիճակի և անհրաժեշտ քայլերի մասին 168.am-ը զրուցել է Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ ՏՎրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։

– Սրբազան, Ձեր վերջին հարցազրույցներից մեկում ասել էիք, որ ՀՀ-ում բնակվող մարդիկ կարող են գոնե զանգահարել Արցախում ապրող իրենց բարեկամներին, ծանոթներին, զրուցեն նրանց հետ։ Բացի զանգահարելուց, այսօր ի՞նչ կարող է անել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի Արցախի և 120.000 արցախահայության համար։

– Արցախ զանգահարելու մասին ասել եմ հետևյալ կոնտեքստում՝ որպեսզի մարդիկ լավ հասկանան, թե ինչ է տեղի ունենում, թող զանգահարեն, տեղեկատվություն ունենան նաև իրենց բարեկամներից ու հարազատներից։ Արցախցիներին զանգահարելը տարբերակներից մեկն է, որը կարող է հոգեբանական, բարոյական աջակցություն լինել։

Կարդացեք նաև

Այդ զանգերը կարող են մարդու էներգետիկան, տրամադրվածությունը փոխել։ Եթե զանգահարում ես մարդու ու քո օգնությունն առաջարկում, դա մարդուն ջերմություն տվող քայլ է։ Երբ մարդը հիվանդանոցում պառկած է լինում, ու նրան չեն այցելում, աչքը միշտ դռան վրա է լինում։

Սակայն բոլոր առումներով այսօր անհասկանալի ու անբացատրելի մի երևույթ է տեղի ունենում, որն ընկալելի չէ՝ որպես հայ, քրիստոնյա, հազարամյա պատմություն ունեցող ազգ, որը գենետիկորեն միշտ ունեցել է իր պաշտպանվողականությունը։

Բայց այսօր կարծես թե այս արհավիրքները, զոհերը չեն նկատում, մարդիկ կարծես թե սառել են, մարդկանց պետք է արթնացնել։ Թե ինչ ձևաչափեր կան արթնացնելու համար, չգիտեմ, ինքս հոգեբան չեմ, չեմ կարող ասել։ Բայց այդուհանդերձ այս իրավիճակի մեջ մենք տեսնում ենք, որ այն պատասխանները, որոնք ազգը պետք է տա՝ միանշանակ չի տրվում։

Արցախն այնպիսի իրավիճակում է գտնվում, որ րոպե անգամ իրավունք չունենք հապաղելու՝ դանդաղկոտությունը շատ ավելի վատ հետևանքներ է ունենալու։ Երբ թշնամին տեսնում է մեր այսկերպ ապրելը, և երբ իր հարվածներին հակահարված չենք տալիս, տպավորություն են ստանում, որ այստեղ պատրաստ են զոհվելու։ Կարծես թե զոհին տանում են սպանդանոց, և նա պատրաստ է զոհվել և միայն տխուր աչքերով նայում է իր դահիճին։ Մենք իրավունք չունենք այս ձևաչափով ապրելու, և սա անհասկանալի մի երևույթ է և՛ եկեղեցականների, և՛ քաղաքական գործիչների, և՛ հասարակ մարդկանց համար, չի ընկալվում։ Պետք է ինչ-որ ձևաչափ ազգովի մտածենք, որպեսզի այս ամենի դեմն առնենք։ Եթե կան առաջնորդներ, թող քաջություն ունենան ու դուրս գան հրապարակ, համապատասխան կարգավիճակ տան այս ամենին, որպեսզի գտնվի փրկության ճանապարհը։

– Այս համատեքստում սփյուռքն ի՞նչ կարող է անել։

– Իրապես մենք տեսել ենք, որ սփյուռքը մշտապես մեր կողքին կանգնած է։ Խնդիրն այն է, թե այսօր ինչ ձևաչափերով են սփյուռքի հետ աշխատում, դա կլինի հանձնակատարի գրասենյակ կոչեցյալը, եթե այդպիսին կա, դիվանագիտական ծառայողները, եկեղեցին, թեմերը և այլն։ Այս օրերին առհասարակ ո՛չ կրոնական, ո՛չ քաղաքական, և ո՛չ էլ կուսակցական հարցեր չպիտի քննարկվի, այս օրերին միայն ու միայն համախմբման կոչ պետք է հղվի, սա կենաց-մահու հարց է, սա երկրորդ Սարդարապատ է։

Մենք բոլորս ոտքի պիտի կանգնենք՝ կլինի զանգի ղողանջի ներքո, մտավորականության, եկեղեցու կամ քաղաքական գործիչների հովանու ներքո՝ չգիտեմ։ Կարծում եմ՝ այդուհանդերձ առաջնորդները պետք է լինեն, որպեսզի այդ առաջնորդներն էլ քաջություն ունենան ի հայտ գալու և առաջնորդելու մեր ազգին՝ այս կործանարար վիճակից հանելու համար։

– Այսինքն՝ կան փրկության ճանապարհներ, միայն համախմբո՞ւմ է անհրաժեշտ։

– Միանշանակ, բոլորն էլ գիտեն, ձևը գիտեն, թշնամին նոր թշնամի չէ, նրան լավ ենք ճանաչում և նրա վարքագիծն էլ լավ գիտենք։ Նրա ծրագրերին էլ ենք տեղյակ։ Եթե դուրս գանք փողոց ու ամեն մեկին խոսեցնենք, ապա կտեսնենք, որ բոլորն էլ ոտքից գլուխ մեր թշնամուն ճանաչում են։

Այսինքն՝ թշնամուն ճանաչելով հանդերձ, որն արդեն իսկ կարևոր հանգամանք է, այդուհանդերձ դեռևս քաջություն չենք ունենում համախմբվելու և թշնամու պորտը տեղը դնելու համար։ Սա է ինձ համար ամենատարօրինակը, եթե անճանաչելի ու անտեսանելի մի թշնամի լիներ, այդ պարագայում հասկանալի կլիներ, բայց այս պարագայում մենք այդ թշնամու հետ առիթ ենք ունեցել ճակատամարտելու բոլոր տեղերում։ Նորից եմ ուզում կրկնել՝ հապաղելը մեր ազգի համար կարող է ճակատագրական վատ հետևանքներ ունենալ։

 

Տեսանյութեր

Լրահոս