Այդպես էլ վկաներից մեկը չասաց՝ երբ պնդում էին, որ Արմեն Գրիգորյանը 3-4 տարի Շիրակի մարզի բնակիչներին վիրավորում էր, ի՞նչ նկատի ունեին, ի՞նչ էր ասում. Ռուբեն Մելիքյան

Այսօր Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, լուսահոգի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով շարունակվում էր վկաների հարցաքննությունը:

Նախորդ դատական նիստին նույնպես հարցաքննվում էին վկաները՝ Շիրակի մարզի բնակիչներ: Հարցաքննության ժամանակ Արմեն Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը վկայից հետաքրքրվեց՝ որևէ առնչություն ունի՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, ինչին ի պատասխան՝ նա ասաց, որ եղել է ՔՊ-ի համակիր։ Պաշտպանի հաջորդ հարցին՝ հիմա համակի՞ր է, թե՞ ոչ, վկան այդպես էլ հստակ պատասխան չտվեց։

Այսօրվա նիստից հետո 168.am-ի հետ զրույցում Արմեն Գրիգորյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ մեղադրանքի կողմի  ապացույցների հետազոտությունն ավարտվեց, հաջորդիվ կհետազոտեն պաշտպանության կողմի ապացույցները, իսկ հաջորդ դատական նիստին կհարցաքննվի նաև պաշտպանության կողմի փորձագետը։

Ինչ վերաբերում է վկաների ցուցմունքներին, Ռուբեն Մելիքյանը նկատեց՝ հակասական ցուցմունքներ էին տալիս։

Կարդացեք նաև

«Այդպես էլ վկաներից մեկը չկարողացավ պարզաբանել, որ երբ տեսանյութ էր հրապարակվում, որտեղ Արմեն Գրիգորյանի դեմ թշնամանք էր տարածվում, որտեղ պնդում էր, որ Արմեն Գրիգորյանը երեք-չորս տարի Շիրակի մարզի բնակիչներին շարունակաբար վիրավորում էր, ի՞նչ նկատի ուներ, երեք-չորս տարի առաջ Արմեն Գրիգորյանը Շիրակի մարզի բնակիչների մասին ի՞նչ էր ասում»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը ձերբակալվել էր նախորդ տարվա մայիսի 17-ին, իսկ հուլիսի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում, որտեղ պետք է կայանային Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումներ, դատապաշտպանի ելույթի ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել էր, և նա ուշագնաց էր եղել, չէր հաջողվել նրա կյանքը փրկել, և նա մահացել էր։ Արմեն Գրիգորյանը 57 տարեկան էր։

Արմեն Գրիգորյանը ձերբակալվել էր Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու կասկածանքով, Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տեսանյութ էր հրապարակել՝ պնդելով, թե Գրիգորյանը հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը:

Տեսանյութեր

Լրահոս