Գյուղատնտեսության նախարարը խրտնել է. մամուլ
«Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդային չինովնիկին հատուկ յուրօրինակ բնավորություն ունի՝ նա սիրում է լսել միայն գովասանքի խոսքեր ու պարզապես չի կարող հանդուրժել մամուլում իր հասցեին քննադատությունն ու լրագրողների՝ իր համար անցանկալի հարցերը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.
«Երեկ Ս. Կարապետյանը կրկին հայտնվել է նման անհարմար վիճակում, մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկն անցանկալի հարց է տվել, որին մեկ նախադասությամբ պատասխանելուց հետո նախարար Ս. Կարապետյանը հայտարարել է, թե ասուլիսն ավարտվել է, ու միանգամից լքել դահլիճը։
Նրան վրդովեցրել է հարցը, թե ինչու է դիզվառելիք և ազոտական պարարտանյութ ներկրելու իրավունքը տվել «Ֆլեշ» ու «Մասիս բերրիություն» ընկերություններին, և ինչու են նույն ընկերությունները հաղթում անցկացվող մրցույթներում։ «Դե որովհետև հարմար գին այդ ընկերություններն են առաջարկել»,– ասել է նա, վեր կացել տեղից ու ասուլիսը հայտարարելով փակված՝ փախել լրագրողներից»: