«Դեռ դիմակայում ենք, թե հետո ինչ կլինի՝ չեմ կարող ասել». Հին Շենի գյուղապետ
Արդեն 193-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունը 120 հազար արցախահայերով գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ։ Դրան զուգահեռ՝ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է խաղաղ բնակավայրերի ու հայկական դիրքերի ուղղությամբ։ Իսկ հունիսի 15-ից մինչև այսօր Ադրբեջանը թույլ չի տալիս Կարմիր խաչին ու ռուս խաղաղապահներին բուժառուներ տեղափոխել Հայաստան և հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախի բնակչությանը։
168.am-ի հետ զրույցում տոտալ շրջափակման մեջ գտնվող Շուշիի շրջանի Հին Շեն գյուղի ղեկավար Սամվել Սարգսյանն ասաց, որ շատ բաներ չի կարող բարձրաձայնել, սակայն կարող է ասել, որ սննդի հետ կապված իրավիճակը դեռ այդքան սուղ չէ։
«Ուղղակի շատ իրավասություններ չունեմ անդրադառնալու, բայց դեռ դիմակայում ենք, թե հետո ինչ կլինի, չեմ կարող ասել»,- նշեց Սամվել Սարգսյանը։
Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի այս գործողություններն Արցախը հայաթափելու նպատակ ունեն, սակայն չի ստացվի։
«Մարդուն ինչպե՞ս կարող են կտրել իր հողից, որտեղ ինքը ծնվել է։ Մենք ծնվել ենք այստեղ, Արցախում, ոչ թե Ղարաբաղում, այլ Արցախում, և այստեղ էլ ապրելու ենք»,- շեշտեց Սամվել Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմն Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում, փակել էր, անցակետ էր տեղադրել։ Արդյունքում՝ Արցախի Հանրապետության Լիսագոր, Եղցահող, Մեծ Շեն և Հին Շեն գյուղերը գտնվում են տոտալ շրջափակման մեջ, դրանք կապ չունեն ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի հետ։
Իսկ դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել էր Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս ամենի հետևանքով, արդեն 193-րդ օրն է՝ Արցախը գտնվում է շրջափակման մեջ։