Հայաստանում Թուրքիայի և Ադրբեջանի միակ ուժն այս կամակատար և դրածո իշխանություններն են․ Դավիթ Ամալյան

Ժողովրդի մի մասը, ցավոք, այս ընթացքում Արցախի տեղն անգամ չիմացավ, եթե անգամ եղել է՝ միայն հանգստի և վայելքի նպատակներով։ Շատերն ասում էին, թե Արցախին արդեն որպես անվտանգության գոտու չեն վերաբերվում, բայց երբ իրենց պաշտամունքը եկավ իշխանության, պարզվեց՝ Արցախը կարող է անվտանգության գոտու վերածվել։ Ժողովրդի մի մասը, իհարկե, երբեք չի համակերպվի այս վիճակին, պարզապես ելքերը հասկանալի չեն՝ ի՞նչ անել, դանակ-պատառաքաղո՞վ կռվենք, դա ի՞նչ օգուտ կտա։ Ժամանակը կգա, և մենք կվերազինվենք և՛ հոգեպես, և՛ տեխնիկապես, իսկ դրա համար պետք է ինքնամաքրվել։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը:

«Եթե մեր անվտանգությունը համեմատենք որևէ մարզիկի հետ, արդյո՞ք նա ի վիճակի է մենամարտելու, եթե նրա օրգանիզմը թունավորված է։ Մեր հիվանդությունը պիտի մաքրենք, որ ի վիճակի լինենք մարտնչելու։ Մեր հասարակության մեջ զոհվածների ծնողներին հայհոյող զանգված կա։ Բոլորս էլ կուզենք, որ թշնամանքը վերանա, հայն ու ադրբեջանցին չմորթեն իրար, բայց այսօր արդյո՞ք այդ վիճակն է։ Կարին Տոնոյանի, Գայանե Հակոբյանի, Գեղամ Նազարյանի հասցեին հայհոյողները մեր կողքին են ապրում։ 90-ականների ծանր օրերին անգամ զոհվածի տունը խորան էր, անձեռնմխելի մի վայր։ Երբեմն հանցանք գործածը, եթե զոհվածի ծնող կամ եղբայր էր, մեղմ վերաբերմունքի էր արժանանում։ Ովքե՞ր են այս ատելության կրողը։ Գիտենք կոնկրետ անձին՝ իր ճղճղան ձայնով, բայց ո՞վ է նրան վճարել այդ ատելության սերմանման համար, դա նրա էնտուզիազմը չէ, քանի որ նա էնտուզիազմ չունի»,- ասաց արվեստագետը:

«Մեր հարևանները համոզվեցին, որ եթե մեր մեջ ատելություն սերմանեն, այնքան կթուլանանք, որ իրենք հեշտությամբ կհաղթեն մեզ, և շատ խելացի վարվեցին։ Քաղաքական ուժերը բանավիճում են՝ Ռուսաստա՞ն, թե՞ ԱՄՆ, բայց մեր կողքին Թուրքիան է, ի՞նչ է՝ այդ երկիրը պակա՞ս հնարավորություն ունի այստեղ ներդրումներ անելու։ Հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ընտրում ենք մահվան տարբերակների միջև։ Ադրբեջանական մեքենաները չպետք է հանգիստ երթևեկեն Հայաստանում։ Եթե մեր պետությունն իրենից ինչ-որ բան ներկայացնի, չմնա պարտվածի հոգեբանությամբ, այս իրավիճակը կփոխվի։ Այսօր մենք չենք կարող հաշտվել ադրբեջանցիների հետ։ Սա խաղաղություն չէ, այն երազանք է, բայց ոչ երբեք այս վիճակում։ Մենք կվաստակենք մեր խաղաղությունը, միգուցե տարածաշրջանում ամենաուժեղը չլինենք, բայց թույլ կտանք, որ մեզ հետ հաշվի նստեն»,- նշեց Ամալյանը:

Երաժշտի պնդմամբ՝ որքան էլ վիճակը վատ է, պետք է դեպի լույսը քայլել, ծանր ապրած օրերն ամփոփել հույսով ու լավատեսությամբ. «Զոհվածների ընտանիքներին հայհոյողներ, գնացե՛ք ձեր Ադրբեջանը, այնտեղ ձեզ լավ կնայեն։ Ավելի լավ է այդ տարրերը գնան, մնանք նրանցով, ովքեր այստեղ ինչ-որ բան են ուզում անել։ Սա տարածաշրջանում Թուրքիայի կամքը կատարող իշխանություն է։ Անգամ իշխանավոր բառն է ափսոս սրանց համար։ Մենք դատապարտված ենք ապրելու՝ մինչև լույսին հասնելը, մինչև Շուշիի վերաազատագրումը։ Իհարկե, վաղը մեզ չեն զանգի և ասի, թե՝ սա թողեց իշխանությունը, մենք էլ մարտերում հաղթեցինք, բայց դրա համար դեռ ժամանակ է պետք։ Մեր հակառակորդ կողմն աշխարհին մարտահրավեր է նետել, որը կուլ չի տալու։ Իրենք ուժեղ են իրենց դրածո իշխանությամբ, իրենց հենարանն ուժեղ է։ Սա գնում-շնորհավորում է Էրդողանին, բայց հենց այս պահին մեր սահմաններն են խոցում, մեր վերքը չի փակվում, և այդ վերքի առկայության դեպքում սա գնում է շնորհավորելու այն մարդուն, որն այդ վերքի ակունքն է»:

«Մեզ այսօր դիմակայելու համար որակ է պետք, ոչ թե քանակ։ 2018-ն ապացուցեց, որ քանակը երբեք որակ չի բերում։ Ժողովրդի մեծամասնությունը երբեք ճիշտ չի լինում։ Ժողովրդավարություն ասված չարիքը միայն մեզ մոտ այսկերպ իրագործվեց։ Մի կին ասում է, թե՝ թքած Արցախի վրա, հազիվ պրծանք, ի՞նչ ասես։ Սրանք չեն էլ թաքցնում, որ սա իրենց երկիրը չէ։ Սրանց չարժե մահ ցանկանալ, մահն ամեն մեկի բանը չէ։ Դավաճանից ավելի վտանգավոր է անդեմ մարդը, քանի որ նրա դեպքում հարվածի ուղղությունը չգիտես, անսպասելի է հարվածում։ Անդեմ մարդը սկսում է տգիտությունից ու դատարկությունից»,- ամփոփեց Դավիթ Ամալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս