Բաժիններ՝

Ղուկաս Չուբարյանի 100-ամյակի առթիվ Երևանում տեղադրվեց քանդակագործի հեղինակած «Սուրբ լինի անունը քո» ստեղծագործությունը

Անվանի քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակի առթիվ, որը լրանում է 2023-ի հունիսի 16-ին, Երևանի մանկական այգում տեղադրվեց նրա հեղինակած «Սուրբ լինի անունը քո» քանդակը:

Միջոցառմանը քանդակագործի դուստրը՝ Անուշ Չուբարյանը, պատմեց՝ հայրը «Սուրբ լինի անունը քո» քանդակն իր լավագույն աշխատանքն է համարել: «Քանդակը նվիրված է հորս եղբոր հիշատակին, որը նահատակվել է 1942 թվականին Սանկտ Պետերբուրգի մոտակայքում: Նա անհայտ կորած է համարվել: Նրա աճյունը գտնվել է 2007 թվականին՝ հորս մահից երկու տարի առաջ: Ես հորս երբեք լաց լինելիս չեմ տեսել: Նա սենտիմենտալ մարդ չէր, լավատես էր: Այդ օրը նրան հեկեկալիս տեսա: Գիտեմ, թե ինչ է, երբ տանն անհայտ կորած կա: Նման ընտանիքներում պատերազմը երբեք չի վերջանում»,-շեշտեց նա:

Անուշ Չուբարյանի խոսքով՝ «Սուրբ լինի անունը քո» աշխատանքը նահանջի մասին չէ, այն մարդասիրության ու զոհի մասին է:

Վաստակաշատ քանդակագործ Ղուկաս Չուբարյանը հեղինակել է Մատենադարանի խորհրդանիշը դարձած Մաշտոց-Կորյուն հուշարձանը, օպերային թատրոնի հրապարակը զարդարող Ալեքսանդր Սպենդիարյանի մոնումենտալ արձանը, Հովհաննես Թումանյանի խոսուն դիմաքանդակը՝ բանաստեղծի թանգարանի մուտքի մոտ, նրա քանդակը Դսեղում, Չարենցի կիսանդրին և այլ գործեր:

Ղուկաս Չուբարյանը ստեղծել է բազմաթիվ դիմաքանդակներ, արձաններ, մոնումենտալ այլ կոթողներ, կերտել ժամանակակիցների ու պատմական անհատների դիմաքանդակներ՝ «Անահիտ», «Ասպետը», «Մարտիրոս Սարյան», «Կոմիտաս», «Հովհաննես Հովհաննիսյան», այլ գործեր: Պատմական դեմքերից՝ «Մովսես Խորենացի», «Անանիա Շիրակացի», «Ֆրիկ», «Թորոս Ռոսլին» հուշարձանները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս