«ՀՀ իշխանության կոնկրետ ծրագրված քայլերի արդյունքում Արցախը հայտնվել է բախտի քմահաճույքին՝ սա փաստ է». Արմեն Բաղդասարյան
Բազմիցս Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների միջազգային իրավունքի մասնագետներն ու իրավաբանները հայտարարել են, որ Հայաստանի ղեկավարը չի կարող Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս՝ դրա համար որևէ իրավական հիմք չկա։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբան, «Իրավագիտակից հասարակություն» ՀԿ նախագահ Արմեն Բաղդասարյանը նույնպես ասաց, որ Արցախն իրավական ոչ մի առումով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
«Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն Արցախի վերաբերյալ չունի ծանրակշիռ հիմնավորումներ, որովհետև այդ տեսակետները, այսպես ասած՝ թույլ են իրավական տեսանկյունից։ Գոյություն չունի այնպիսի իրավական փաստաթուղթ, որը հաստատում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում է եղել։
Բոլորիս հայտնի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության որևէ կետի պահանջ այսօր Ադրբեջանը չի կատարում։ Եթե որևէ իրավական սուբյեկտ կարող է հակառակն ապացուցել, ապա ես և ոչ միայն ես կարող ենք այսուհետև լռել։ Եթե միջազգային հանրության և Հայաստանի ներկայիս իշխանության համար Արցախում ապրող հայության ինքնորոշման հարցի վերաբերյալ հարցեր առաջանան, ապա դա առնվազն անհեթեթություն է։
ՀՀ իշխանության կոնկրետ ծրագրված քայլերի արդյունքում Արցախը հայտնվել է բախտի քմահաճույքին, սա փաստ է, և երկրորդ կարծիք լինել չի կարող»,- նշեց Արմեն Բաղդասարյանը։
Նա ընդգծեց՝ նաև այդ ծրագրված քայլերի արդյունքը բերեց նրան, որ այսօր Արցախում արցախահայությունը զրկված է ազատ տեղաշարժի իրավունքից՝ գտնվելով տոտալ շրջափակման մեջ։ Եվ որքան էլ Ալիևը միջազգային կառույցներում հայտարարի, թե Բերձորի ճանապարհը բաց է, ապա հարց է առաջանում, այդ ինչպե՞ս է լինում, որ Արցախում անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցողներն այդ ճանապարհով անցնում են միայն Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների միջնորդությամբ ու ուղեկցությամբ։
«Եվ այս պայմաններում արցախահայությունը փորձում է կառավարել իր հույզերը, չհուսահատվելով և առաջ մղելով ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ամենատարբեր ճանապարհների որոնման աշխատանքներն ու գործողությունները։ Այս պահի դրությամբ էլ իրավիճակից դուրս գալու տարբեր տեսլականներ են քննարկվում, ընդ որում, թե՛ հասարակական, թե՛ քաղաքական շերտերում։ Իհարկե, ժամանակը ցույց կտա, թե որ գործողությունը կարող է սայլը տեղից շարժել, հուսամ, մոտակա ժամանակներս կտեսնենք։
Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը 29.800 քկմ տարածքով, իսկ Ադրբեջանը՝ 86.600 քկմ տարածքով։ Չփորձեմ այդուհանդերձ մտնել քաղաքական դաշտի մեջ, բայց ըստ Արցախի իշխանությունների ու արցախահայության վերջին հայտարարության՝ Հայաստանն իր այս վերջին քայլով վերջնականապես Արցախին թողեց միայնակ՝ ողջ աշխարհի դեմ»,- հավելեց փաստաբանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ Արցախը, արցախահայությունն ամենատարբեր հարթակներում հանդես են գալիս իրավիճակից բխող հայտարարություններով, և դա իրավաչափ է։ Այդ թվում՝ իրականացնում են տարբեր հասարակական, քաղաքական շարժումներ։ Հետևաբար, այս ամենով հանդերձ՝ արցախահայությունն անթույլատրելի է համարում ցանկացած պառակտում, խուճապային տրամադրում, նախընտրելով միասնականություն, քանի որ այլընտրանք չկա։
«Այս պահին բոլորիս համար անհրաժեշտություն է միասնականությունը և Արցախում կարգի պահպանումը։ Համախմբվածության ոչ թե օրերի, այլ ժամերի ընթացքում կարող ենք իրավիճակից բխող տարբեր տեսլականներ առաջ քաշենք»,- ընդգծեց Արմեն Բաղդասարյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակման մեջ պահելուն, Արմեն Բաղդասարյանն ասաց, որ հարց է առաջանում, լավ, 7 ամիս էլ Ադրբեջանը կարող է փակել ճանապարհը, իսկ դրանից հետո՞։ Այս հարցերի շուրջ է պետք նաև ծավալել քննարկումներ։