«Նազարբեկյան 8 շենքի կոյուղաջրերը լցվում են բնակարան. թաղապետարանից ասել են՝ երեք օր սպասենք, մինչև տենդեր շահենք». Բնակիչները լուծում են պահանջում
Արդեն 10 օրից ավելի է՝ Երևանի Նազարբեկյան 8 հասցեում գտնվող շենքի կոյուղաջրերը լցվում են բնակիչների տները։
Բնակիչներն ահազանգում են, որ տարբեր տեղեր են դիմել՝ «Ջրմուղ», թաղապետարան, ասել են՝ 10 օր հետո խնդիրը կլուծեն, սակայն մինչ օրս խնդիրը լուծված չէ։
«Խնդիրը վաղուց է, հիմնական կոյուղու հետ է կապված։ Ինչ-որ անկապ բաներ են ասում թաղապետարանից, շենքի առաջին հարկի բնակարանն է լցվում, նկուղներում է լցվում։ Մուտքի աստիճանները 20 սմ անցել է գետնի տակ։ Երեկ թաղապետարանից եկել էին, ասում է՝ պիտի տենդեր շահենք, որ նոր սկսենք խնդիրը լուծել։ Թաղապետը խոստացավ՝ 3-4 օրում կլուծի։ Առաջին հարկում մի քանի րոպեով ջուրը միացնում են, ամբողջը լցվում է բնակարան։ Շենքը 9 հարկանի է՝ 54 բնակարան կա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից Համլետը։

Շենքի առաջին հարկի բնակիչներից մեկն էլ ասաց, որ այս պահին էլ կոյուղաջրերն իր տան մեջ են լցված, ստեղծվել է հակահիգիենիկ վիճակ, ու չգիտեն էլ՝ մինչև երբ է այսպես շարունակվելու։
«Կոյուղու դիտահորը լցված է, դրա պատճառով այնտեղ խցանում է առաջացել, ջուրը լցվում է տուն, արդեն 10 օր է, 3-4 անգամ կոյուղաջրերը տուն են լցվել։ Զանգահարել ենք «Վեոլիա ջուր», այնտեղից ասել են, որ հերթագրում են, հերթի մեջ պետք է սպասենք, մինչև կարողանան կարգավորել։ Հարցրել եմ՝ կոյուղին իմ տուն է լցվում, ի՞նչ անեմ, ինձ պատասխանում են, որ ոչինչ չեն կարող անել՝ պետք է սպասենք։


Զանգահարել եմ թաղապետարան, ասել են՝ 10 օրվա ընթացքում կանենք, ու չեն անում։ Գիտեմ, որ շենքից էլ են մարդիկ գնացել, ասել են՝ կանենք, բայց առաջընթաց չկա։ Զանգել ենք Երևանի քաղաքապետարանի «թեժ գծին», ասել են՝ «Վեոլիա ջրի» հետ այդ հարցերը լուծեք, նրանք էլ ասում են՝ սպասեք։ Շենքի ամբողջ նկուղը ջրի մեջ է»,- նշեց շենքի բնակիչներից մեկը։
Նրա խոսքով՝ ստիպված բնակարաններում ջուրը փակել են, խմելու ջուր էլ հարակից տարածքի ցայտաղբյուրից են բերում։
«Շոգ եղանակին ամբողջ կոյուղու հոտը տարածվում է փողոցում։ Թաղապետն ասում է՝ պետք է տենդեր շահենք՝ նոր անենք, եթե այդքան սպասենք, նոր վերանորոգված տուն է, ամբողջությամբ կփչանա։ Մի անգամ իբր եկել-մաքրել են, բայց երկու օր հետո կրկին խցանվել է։ Գիտեմ, որ մեր շենքի երեք մուտքերի դիտահորերը խցանված են»,- եզրափակեց մեր զրուցակիցը։



