Ամբողջ շենքի բնակիչները չպետք է 1-2 հոգու ձեռքում պատանդ մնան. Ավինյան
«Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքի լիազոր ներկայացուցչին ուրբաթ օրն ենք ընդունել, բանակցություններն ավարտական փուլում են, խնդիր ունենք բնակիչների 100 տոկոս համաձայնության և վերաբնակեցման ծրագրին մասնակցության հետ կապված»,-հունիսի 5-ին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը՝ ընդգծելով, որ առաջարկվել է քննարկումը շարունակել միայն բնակիչների 100 տոկոս մասնակցությունն ապահովելու դեպքում:
Փոխքաղաքապետ Տիգրան Ավիանյանն էլ նշեց. «Իրականում ամբողջ շենքի բնակիչները չպետք է 1-2 հոգու ձեռքում պատանդ մնան: Կխնդրեմ գերակա շահի մասին որոշման նախագիծը պատրաստել: Ունենանք գերակա շահի մասին զուգահեռ որոշում, որ չստացվի այնպես՝ շենքի 90 տոկոսը համաձայն է, մեկը կամ երկուսը ոչ խելամիտ պահանջներ են ներկայացնում և շարունակում են բոլորին պատանդ պահել այդ 4-րդ կարգի վթարային շենքերում»:
Ավինյանը տեղեկացրեց, որ Արցախի փողոցի վթարային շենքերի բնակիչներին խարխլված տների փոխարեն՝ Երևանի քաղաքապետարանն առաջարկելու է գնման վկայականներ 1 քկմ-ի համար նվազագույնը 402 հազար դրամ սահմանաչափով և իրենց փաստացի բնակության հասցեի քմ-ից ավելի քմ-ի հաշվարկով, ինչին ի պատասխան՝ Գևորգ Սիմոնյանը մանրամասնեց, որ որոշ դեպքերում խոսքը 2-3 անգամ մեծ մակերեսի մասին է։
«Բայց, այնուամենայնիվ, նույնիսկ այս պայմաններում ունենք լրացուցիչ հավելյալ պահանջներ։ Կարծում եմ՝ շատ երկար այդ տեսակ բանակցությունների մեջ պետք չի մտնել։ Պետք է գերակա շահի որոշումն ունենալ ձեռքի տակ և համապատասխան միջոցներ ձեռնարկել, երբ մեկ կամ երկու հոգին մնացածին պատանդ են պահում»,- շեշտեց Տիգրան Ավինյանը։