ՌԴ պետդուման չեղարկել է Ազովի ծովի շուրջ Ուկրաինայի հետ համաձայնագիրը
ՌԴ պետդուման օրենք է ընդունել Ուկրաինայի հետ Ազովի ծովի և Կերչի նեղուցի օգտագործման հարցում համագործակցության մասին համաձայնագրի չեղարկման վերաբերյալ։
Փաստաթուղթը խորհրդարանի ստորին պալատ է ներկայացրել մայիսի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ Ինչպես նշվում է պարզաբանող գրառման մեջ, «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի՝ Ռուսաստանի կազմում ընդունելուց հետո Ազովի ծովի և Կերչի նեղուցի շուրջ արմատապես նոր իրավիճակ է ստեղծվել»:
«Ելնելով այն հանգամանքից, որ Ուկրաինան կորցրել է ափամերձ պետության կարգավիճակն այս ջրային տարածքների նկատմամբ, անհրաժեշտություն առաջացավ խզել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև համաձայնագիրը Ազովի ծովի և Կերչի նեղուցի օգտագործման հարցում համագործակցության մասին», – ասվում է փաստաթղթում։
«РИА Новости»-ն հիշեցնում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան Ազովի ծովի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել 2003 թվականի դեկտեմբերի 24-ին։ Այն պարունակում է հինգ հոդված, որոնցում, մասնավորապես, ջրային տարածքին վերագրված է երկու պետությունների ներքին ջրերի պատմական կարգավիճակ, արգելվում է երրորդ երկրների ռազմանավերին Ազովի ծով և Կերչի նեղուց մտնել՝ առանց Ռուսաստանի և Ուկրաինայի համաձայնության, հաստատվում է նավագնացության ազատություն երկու պետությունների առևտրային նավերի և ռազմանավերի համար։ Ընդ որում, պայմանագրում պետական սահմանի մասին խոսք չի եղել։
Նշվում է, որ Ուկրաինան խզել է այս պայմանագիրը փետրվարին։
2022 թ.-ի փետրվարի 24-ին Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժիեի մարզերն անցել են Ռուսաստանի վերահսկողության տակ: Նշված մարզերում, ինչպես նաև Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում անցկացվել են հանրաքվեներ, որոնց պաշտոնական արդյունքների համաձայն՝ տվյալ տարածքները միացել են Ռուսաստանին: Ուկրաինան և միջազգային հանրությունը չեն ճանաչում անցկացված հանրաքվեների արդյունքները: