Կարող էր հիմա այնպիսի իրավիճակ լիներ, որ Արցախում առհասարակ այդ երեխաները չլինեին. Ալեն Սիմոնյան

Այսօր խորհրդարանի բակում, որտեղ նշվում էր երեխաների պաշտպանության միջազգային օրը,  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց լրագրողների մի շարք հարցերի, բայց նախ մաղթեց երեխաներին խաղաղ մանկություն, ապա վստահեցրեց, որ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի  երեխաներին խաղաղ երկիր թողնեն՝ որպես ժառանգություն։

Այնպես պետք է անեն, որպեսզի  15 տարեկանը  լրացած հայ տղաների  ծնողները չմտածեն՝ ինչ անել,  որպեսզի իրենց տղաները խուսափեն բանակում ծառայելուց, չմտածեն երկիրը լքելու մասին, կամ ճանապարհներ հայթայթեն, որ  իրենց երեխաները ողջ մնան։

«Վստահեցնում եմ ձեզ, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր երեխաներին խաղաղ երկիր թողնենք»,- նշեց նա։

Հարցին՝ նույնը նաև արցախցի երեխաների համա՞ր են անում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, թե նույնն է, լրագրողին մեղադրելով, թե ինչու են տարբերություն դնում արցախցի ու երևանցի երեխաների միջև։

Կարդացեք նաև

«Առաջին հերթին դա արվում է հենց արցախցի երեխաների համար, որ նույնպես ապրեն խաղաղ ու չմտածեն իրենց վաղվա օրվա մասին։

Պատերազմից անմիջապես հետո ասում էին, որ այն իշխանությունը, որն ի հեճուկս շատերի ցանկության՝ վստահության քվե ստացավ, չի կարողանալու մոտալուտ ապագայում խաղաղություն ապահովել, բայց այսօր ակնհայտ է, որ այդ ուղղությամբ արվող քայլերն առնվազն շատ հնարավոր պատերազմը հետաձգում են, և խաղաղության գործընթացը սկսվել է, ինչ-որ արդյունք կարող է  ունենանք, եթե շարունակենք լավ աշխատել»,- շեշտեց նա։

Երբ լրագրողն ԱԺ նախագահին հիշեցրեց, որ  երկու օր առաջ Արցախում բնակավայրին մոտ թշնամու ականներ էին ընկել, որտեղ երեխաներ էին եղել, Ալեն Սիմոնյանը նկատեց.

«Բայց ես ձեզ կարող եմ այլ բան ասել, կարող էր հիմա այնպիսի իրավիճակ լինել, որ Արցախում առհասարակ այդ երեխաները չլինեին։ Իսկ այս պարագայում ով կհամաձայներ, ով չէր համաձայնի, կարող եք ինձ ասել, պետք է գնահատենք այն, ինչ ունենք, չենք գնահատում այն, ինչ ունենք»։

Լրագրողի հարցին, որ Հայաստանում ամեն երրորդ երեխան ապրում է աղքատության մեջ, Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե այսօր Հայաստանում աղքատության ցուցանիշները նվազում են, նույնիսկ միջազգային գործընկերների մոտ է զարմանք առաջացրել ՀՀ տնտեսական աճը, այսօր խնդիր է  և դժվար  է նույնիսկ աշխատող գտնել։

«Երեկ կնոջս հետ Մաշտոց պողոտայով իջնում էինք, ամեն խանութի ցուցափեղկի վրա գրված էր՝ պահանջվում է հաշվապահ, աշխատող, պահանջվում է,  և այլն, և այլն: Տնտեսությունը պետք է զարգացնեն, դրա համար պետք է խաղաղություն բերեն ՀՀ-ում»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս