«Եթե Սերժ Սարգսյանի ժամանակ զենք չկար, ադրբեջանցիներն ի՞նչ 5 մլրդ ավարի մասին են խոսում». Տիգրան Աբրահամյան

Այսօր ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ 168.am «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանին հարցրեց, թե ինչպես կմեկնաբանի օրերս ԱԺ-ում իշխանական պատգամավորներից մեկի այն հայտարարությունը, թե իր ծառայության ժամանակ զորամասում  նույնիսկ 80-ականների զենք ու զինտեխնիկա չկար, ինչպես ասում էր Սերժ Սարգսյանը։ Դրանով պատգամավորն ընդգծում էր, որ մինչև 2018 թվականը բանակը պատշաճ զինված չի եղել։

Պատասխանելով հարցին՝ Տիգրան Աբրահամյանը նկատեց.

«Եթե Սերժ Սարգսյանի ժամանակ զենք, սպառազինություն չի եղել, իսկ Բաքվի ավարների պուրակում այդ ի՞նչ 5 մլրդ դոլարի զենք, զինամթերք ու զինտեխնիկա է ցուցադրվում։ Այս ընթացքում դրանք ոչ միայն ներկայացված են եղել Բաքվի, այսպես կոչված, ավարների պուրակում, 44-օրյա պատերազմի ժամանակ մեծ թվով խոցումներ են եղել՝ զինտեխնիկայի, ավտոմոբիլային տեխնիկայի, և այլն։ Այսինքն՝ եթե զինտեխնիկա չի եղել, բա այդ ի՞նչ խոցում է տեղի ունեցել, այդ ի՞նչ 5 մլրդ զենքի ավարի մասին են խոսում ադրբեջանցիները, և այդ ի՞նչ մի քանի հարյուր միավոր հրետանային և զրահատեխնիկայի ավարի մասին է խոսում Ադրբեջանը»։

Պատգամավորի մեկնաբանությամբ, եթե այսօր Հայաստանն ունենար այն սպառազինությունը և զինտեխնիկան, որը ներկայացվում է 70-ականների, 80-ականների և նույնիսկ 60-ականների, ապա նման բալանսի պայմաններում կկարողանար ապահովել իր անվտանգությունը։

«Ժամանակ առ ժամանակ, երբ խոսվում է հրետանու մասին, կամ խոսվում է Սոթքի վերջին դեպքերի և 2022 թվականի սեպտեմբերյան մարտական գործողությունների մասին, իսկ  այդ ի՞նչ հրետանի է այդ խնդիրը լուծել։ Հրետանին, որի մասին խոսվում է, և որը խնդիր է լուծում, դրանք 60-ականների, 70-ականների հրետանի են։ Եթե ես այսօր լինեի որոշում կայացնողը և հնարավորություն ունենայի այդ տիպի՝ իրենց նշած 70-ականների ու 80-ականների հրետանային միջոցներ ունենալ, ապա ես անպայման դա ձեռք կբերեի։

Հայաստանը չունի այլընտրանք, այն, ինչ էլ ձեռք է բերվում, կամ զիջում է, կա՛մ մոտավորապես  անալոգն է՝ այդ 70-ականների զենք-զինամթերքի և այլն։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ եթե խոսքը վերաբերում է Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակահատվածին, ապա այդ ժամանակ մենք արդեն ունեինք զինտեխնիկա, չնայած կիզակետում, այսպես կոչված, 80-ականների զինատեսակներ էին, որոնք արտադրության առումով 2000-ականների էր։ Էլ չեմ խոսում «Սմերչ» համակարգերի մասին, «Իսկանդերի» մասին։ Այսինքն՝ այս թեմայի շրջանառումը հիմա ունի մեկ նպատակ՝ ցույց տալու, որ «մենք պարտվել ենք, ոչինչ չունենք, գնումներ չենք կատարել այն պատճառով, որ ժամանակին չի եղել և ծանր ժառանգություն ենք ստացել»»,- եզրափակեց Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս