Վահան Քերոբյանն իրեն փորձում է տարբեր ոլորտներում. նոր պաշտոն է ուզում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պարզվում է, բազմապրոֆիլ անձնավորություն է եւ իրեն փորձում է նաեւ այլ ոլորտներում: Ապացույցը նախարարի պահվածքն է, ՀՀ կառավարության նիստերի ժամանակ հնչեցրած հայտարարությունները:

Բանն այն է, որ Վահան Քերոբյանը գրեթե յուրաքանչյուր հարցի քննարկման ժամանակ արտահայտվում է, կարծիք ասում այն դեպքում, երբ հարցն այլ ոլորտների է վերաբերում: Պարզվում է՝ նա ոչ միայն կարող է խոսել խոշոր եղջերավոր անասունների պահման պայմանների, ֆերմերների տարբեր բողոքների մասին, այլ նաեւ, օրինակ, խոսել «Վայլդբերիզ»-ից տուժած քաղաքացիների մասին:

Երեկ՝ կառավարության նիստի ժամանակ, նա անցավ դեղերի ոլորտին, խոսեց դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագրի մասին:

«Ժողովուրդ» օրաթերթը մայիսի 24-ի իր համարում գրել էր, որ Վահան Քերոբյանը ԱՄԷ այցի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել, որում որպես ձեռքբերում նշված է եղել ԱՄԷ հանդուրժողականության եւ համակեցության նախարարության եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջեւ կնքված հուշագիրը: Ստացվում է՝ Վահան Քերոբյանն իրեն փորձում է ամենատարբեր ոլորտներում. միգուցե ցանկանում է նոր պաշտոն ստանալ»:

Տեսանյութեր

Լրահոս