Սահմանամերձ Կախակն գյուղը՝ լուսանցքից դուրս. մի կողմից թշնամին է կրակում, մյուս կողմից  իշխանություններն են անտեսում

Մինչև Երևանում իշխանությունները պատրաստվում են խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, ադրբեջանական Զինված ուժերի ներկայացուցիչները շարունակում են կրակել Գեղարքունիքի մարզի հայկական դիրքերի ու խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։

Վերջին օրերին ադրբեջանական  կրակոցներն ավելի ինտենսիվ բնույթ են կրում։ Թեպետ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար պաշտոնական հաղորդագրություն է  տարածում այդ կրակոցների վերաբերյալ,  Վարդենիսի տարածաշրջանի Կախակն գյուղի ուղղությամբ արձակված կրակոցների վերաբերյալ վերջին օրերին պաշտոնական տեղեկություններ չկան։

168.am հետ զրույցում Կախակն գյուղի բնակիչ Սևան Վերձյանն ասաց, որ 15 օրից ավելի է՝  ադրբեջանական կողմից կրակում են Կախակն գյուղի ուղղությամբ։

«Երեկ կեսգիշերն անց՝ ժամը 24։20-ին, ադրբեջանական կողմից սկսեցին կրակել, կրակոցները տարբեր տրամաչափի զենքերից էին։ Իմ տունը գյուղի ամենավերջին տունն է, ադրբեջանական դիրքերին շատ մոտ:  Երեխաները սկսեցին անհանգստանալ, թե այս ի՞նչ է, նրանց հանգստացնելու համար ասացի՝ հանգիստ եղեք, մերոնք են կրակում, հո չէի՞ ասի՝ թուրքն է կրակում մեր վրա։ Այդ կրակոցները 15 րոպե տևել են։ Դրանց կրակած փամփուշտները եկել ու մեր տան մոտով անցել են, լավ է, գյուղին վնաս չի եղել։

Կարդացեք նաև

ԵՄ դիտորդները եկել էին, իրենց էլ ասացինք ինչն ինչոց է, մեզ պատասխանեցին, թե՝ մի բան կանենք, թե ինչ կանեն՝ Աստված գիտի։ Իրենք եկան, վերև էլ չբարձրացան, գյուղի մեջ կանգնեցին, ասում են՝ վախենում ենք, բարձրանանք՝ մեզ կրակե՞ն։ Հավատացեք, թշնամին ամեն օր կրակում է, ամեն օր, թեպետ կոնկրետ այս պահին չկա։ Հենց մեքենան բարձրանում է դեպի դիրքեր, դրանք կրակոցները սկսում են»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝  իշխանություններն անտեսել են  իրենց գյուղը, այդ պատճառով էլ բնակիչների շրջանում անորոշ վիճակ է, մարդիկ չգիտեն՝ ինչ անեն։

«Ամեն ինչ սուտ է, խաղաղության պայմանագիր, խաղաղություն, թշնամին եկել նստել է մեր հողի մեջ, մեր սահմանին, ինքս եմ այդ պոստերը պահել, եկել են այդ պոստերում նստել, մի բան էլ մի 700-800 մետր այդ պոստերից ներքև են իջել։ Մեր անասունների խոտհարքն է, արոտավայրն է, հիմա ոչ մի անասուն չենք կարողանում տանել արածացնելու։

Այդ վերևների տված սուտ տեղեկատվությանը ոչ մեկը թող չհավատա, հիմա վիճակն այս է, ստից տեղեկատվություն են տալիս ու ժողովրդին խաբում են։ Կախակնին ո՞վ է հիշում, որտեղ երեխաներն ահ ու սարսափի մեջ են ապրում, չեմ հասկանում՝ կարո՞ղ է մենք այլազգի ենք։ Ո՛չ վերևներից են գալիս, ո՛չ մարզպետն է գալիս մտնի գյուղ, տեսնի՝ ինչ է կատարվում, միայն համայնքապետն է մեր հարցերով զբաղվում, բայց այդ մի համայնքապետն ի՞նչ կարող է անել։

Ես կասկածում եմ, որ այսպես անելով՝ այդ վերևներում նստածներն ուզում են հողի այս կտորն էլ հանձնեն թուրքին, մենք այդպես ենք մտածում, ուրիշ ի՞նչ կարող ենք մտածել։

Նախորդ տարի գոնե ՊՆ-ից մեկ-մեկ գալիս էին, հիմա իսկի չեն էլ ասում՝ գնանք տեսնենք այդ գյուղում ժողովուրդ կա՞, թե՞ չկա։

Ուղիղ հինգ տարի սահման եմ պահել, հիմա այսպե՞ս պետք է անեն»,- հավելեց մեր զրուցակիցը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Կառավարությունը Կախակնը չի ճանաչում՝ որպես սահմանամերձ գյուղ, որ բնակչին օգնի, որ նա մնա իր հողում, ոչ թե հողը լքի։ Գյուղը թշնամու վերջին դիրքերից մոտ 2 կմ հեռավորության վրա է, ու բնակիչներին հետաքրքրում է այդ հարցը՝ իշխանությունն ի՞նչ է մտածում, որ գյուղը չի ճանաչում սահմանամերձ։

«Թշնամին կրակում է, գնդակն իմ տան մոտով գալիս անցնում է, ծանր զենքով է կրակում։ Նիկոլ Փաշինյանին ամեն ինչ գրել ենք, բայց պատասխան չկա, ի՞նչ է մտածում։ Եթե գյուղը սահմանամերձ չճանաչվի, բնակիչները քիչ-քիչ դուրս կգան, սուբսիդիա չկա, ասել են՝ տալու ենք, բայց չեն տվել, չգիտենք՝ կլինի՞, թե՞ չէ։ Բոլորի կողմից այս գյուղն ու այստեղ ապրող բնակիչն անտեսված է, թող հստակ պատասխանեն՝ ինչո՞ւ, մեր գյուղն էլ են հանձնելո՞ւ:

Արցախը հանձնում է  Ադրբեջանին, ինչ ասեմ, ոչ մի բան չունեմ ասելու, թուրք է, թուրքը պետք է տա այդ հողերը, եթե ինքն իրեն համարում է հայ, հայկական հող չպետք է հանձնի, իսկ եթե թուրք է՝ թող տա։ Հայն իր հողը չի տալիս, մենք հողը պաշտպանում ենք, ոչ թե հանձնում»,- եզրափակեց Սևան Վերձյանը։

Հ.Գ. Ի դեպ, 168.am տեղեկություններով՝ բոլոր գյուղերի ղեկավարներին հրահանգված է լրատվամիջոցներին մեկնաբանություններ չտալ կրակոցների վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս