Ակնարկները չափազանց թափանցիկ են, պատճառները՝ չափազանց ակնհայտ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին տված հարցազրույցներից մեկում նշել է, որ Արևմուտքը ցինիկաբար և մեթոդայնորեն ճնշում է գործադրում ԱՊՀ ու ԵԱՏՄ շրջանակներում Ռուսաստանի դաշնակից երկրների վրա՝ վերջիններիս խոստանալով «ոսկե սարեր» և, հասկանալի է, ցանկանալով պոկել ու իրենով անել: Դե, հասկանալի է, որ Ռուսաստանն ու այդ երկրի ԱԳ նախարարը նման գործունեությունից ամենևին ոգևորված չեն: Ու, չնայած ուղղակիորեն երկրներ չեն նշվում, բայց դժվար չէ կռահել, որ Արևմուտքի նման ճնշումների թիրախում նաև Հայաստանն է: Ճիշտ է, այն, ինչը հիմա համարվում է Հայաստանի իշխանություն, հազիվ թե լրացուցիչ արևմտյան ճնշումների կարիք ունի՝ Ռուսաստանի հետ քաղաքական կապերը խզելու, առհասարակ գործընկերային, դաշնակցային հարաբերությունները փչացնելու առումներով:

Իշխանության գալուն պես՝ 2018 թվականի մայիսից արդեն ամբողջ 5 տարի Նիկոլ Փաշինյանի գլխավորած խմբի արտաքին քաղաքական գործունեության հիմնական ուղղություններից մեկը հենց Ռուսաստանի հետ հարաբերությունները հնարավորինս փչացնելն է: Պետք է արձանագրել, որ այդ ուղղությամբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հասել է ահռելի նվաճումների: Վերջերս կարկառուն քպականներից մեկն անգամ սպառնում էր կալանավորել ՌԴ նախագահ Պուտինին, եթե նա հանդգնի Հայաստան այցելել: Տպավորի՞չ է: Այն էլ ինչպես: Հետևանքներն էլ պակաս «տպավորիչ» չեն: Վանելով ու հարաբերությունների միտումնավոր փչացմամբ բացառելով Ռուսաստանի հնարավոր աջակցությունը՝ Հայաստանի գործող իշխանությունը չի մոռանում նաև ժամանակ առ ժամանակ ցուցադրաբար հեծկլտալ, թե՝ Հայաստանը մենակ է, չունի դաշնակիցներ, ոչ մեկը իրենց զենք չի վաճառում ու նման բաներ:

Դա արվում է զուգահեռ փաշինյանականների այն հայտարարություններին, որ ուրիշ տարբերակ չկա, պետք է պարզապես բերանքսիվայր փռվել ցեղասպան թուրքերի առաջ ու հանձնվել նրանց ողորմածությանը: Սա՝ եթե առանց երկար-բարակ ու պաճուճապատ արտահայտությունների, հակիրճ նկարագրենք Փաշինյանի ու նրա կողմնակիցների բարձրաձայնած մոտեցումների հիմնական բովանդակային նկարագիրը:

Ավելին, Արցախի խնդրի, Հայաստանի անվտանգության ապահովման հետ կապված, Փաշինյանի գլխավորած իշխանությունը, որոշակի իմաստով՝ ադրբեջանական իշխանության հետ համագործակցաբար, թքեց կարգավորման ռուսական տարբերակի վրա, փոխարենը կտրուկ շրջվեց դեպի Արևմուտք և ԱՄՆ-ի հովանավորությամբ, նաև Եվրոպայի խորհրդի նախագահի հովանու ներքո սկսեց ակտիվորեն պայմանավորվել Ալիևի հետ: Իսկ ի՞նչ են պայմանավորվում Փաշինյանը, Միրզոյանը ամերիկաներում ու բրյուսելներում՝ Ալիևի ու Բայրամովի հետ: Տեսաք, լսեցիք հիմնականը՝ Արցախն ուրացել են և ուրանում են, ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այնպես, ինչպես դա պահանջում է Ալիևը:

Արարատը սխալ սար են համարում և այլն, և այդպես շարունակ, այստեղ չկրկնենք վերջին շրջանի բոլոր անդրադարձերի բովանդակությունը: Բայց վերադառնանք Լավրովին, որը շատ ավելի հետաքրքիր հայտարարություն էլ է արել նույն հարցազրույցի ընթացքում: Ահա այն. «2022 թ. աշնանը Երևանում ՀԱՊԿ գագաթաժողովում պատրաստվել էր փաստաթուղթ հայկական տարածքում, մեր հայ դաշնակիցների խնդրանքին համապատասխան, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդների առաքելություն տեղակայելու մասին: Եթե Երևանը հաստատեր այն, ինչն արդեն համաձայնեցված էր և պատրաստ ստորագրման և ուժի մեջ մտնելու համար, համոզված եմ, որ Հայաստանը կշահեր և կունենար ավելի կայուն իրավիճակ»: Սակայն «վերջին պահին» պաշտոնական Երևանը, նույնն է, թե՝ Նիկոլ Փաշինյանը, խնդրում է հետաձգել դրա ընդունումը: Ինչո՞ւ: Անհայտ է: Չնայած ոչ մի «անհայտ բան» չկա: Ամեն ինչ շատ ավելի ակնհայտ է:

ՀԱՊԿ դիտորդների տեղակայումից հրաժարվելու հիմնական մոտիվացիան, դժվար չէ ենթադրել, եղել է այն, որ Նիկոլ Փաշինյանն արդեն Արևմուտքի առաջ պարտավորություն է ստանձնել «եվրոպական դիտորդների» մուտքը թույլատրելու և տեղակայելու վերաբերյալ: Բացի այն, որ դա լրացուցիչ քայլ էր, որը Ռուսաստանի կողմից կարող էր ընկալվել ու ընկալվեց որպես ուղղակիորեն իրենց դեմ ուղղված գործողություն, դա նաև Հայաստանը աշխարհաքաղաքական շահերի բացահայտ բախման թիրախ դարձնելու էր հանգեցնելու և հանգեցրեց՝ հետևանքներով հանդերձ: Ի դեպ, թե որքանով են արդյունավետ եվրոպական դիտորդները, արդեն ծիծաղելի հարց է, քանզի բոլորը տեսնում են, որ նրանք ոչ միայն «մուկ են գլորում», այլև վերջին մի քանի լարված իրավիճակներում ընդհանրապես ոչ մի կերպ չէին երևում:

Այնինչ, չմոռանանք, որ փաշինյանական քարոզչությունն այդ եվրադիտորդների գալուստը տարփողում էր այնպես, թե՝ վե՛րջ, Հայաստանի սահմանների անվտանգությունն ու պաշտպանվածությունն այլևս հազարամյակներով ապահովված են:

Զավեշտը ոչ այնքան դա էր, որքան այն, որ այդ բացահայտ անհեթեթությանը հավատացողներ եղան ու դեռևս կան: Հանրագումարում ի՞նչ է շահում Հայաստանը: Իսկ Հայաստանը ոչինչ էլ չի շահում:

Ստանում է ավանդական դաշնակցի հետ փչացած հարաբերություններ, դիրքավորվում է որպես Ռուսաստանի հանդեպ թշնամական տրամադրված իշխանություն ունեցող երկիր, սկսում է սպասարկել Արևմուտքի շահերը, որոնք ոչ մի կերպ չեն խոսում Հայաստանի ու Արցախի շահերի հետ, եթե չասվի՝ տրամագծորեն հակառակը: Եթե դա կանխամտածված երկրաքանդություն չէ, ուրեմն՝ բացահայտ արկածախնդրություն և անձեռնահասություն է: Սակայն ի՞նչ տարբերություն, թե որ մեկն է: Կարևորը հետևանքներն են ու դրանց անդառնալիությունը»:

Տեսանյութեր

Լրահոս