Քրեական վարույթով անցնող Մասիս Մելքոնյանի թեկնածությունը Վահագն Խաչատուրյանը հրաժարվել է հաստատել. Կարեն Անդրեասյանը որոշել է նրան ամեն գնով դատավոր դարձնել
Ապրիլի 25-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) տեղեկացրեց, որ ԲԴԽ որոշմամբ 9 նոր դատավոր կնշանակվի. նրանցից 7-ն ընտրվել է 10 կողմ, 0 դեմ ձայներով:
«Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական, վարչական և քաղաքացիական մասնագիտացման բաժինները հատուկ կարգով համալրելու նպատակով անցկացված որակավորման ստուգման հարցազրույցի փուլն ավարտվեց: Ըստ քվեարկության արդյունքների՝
Քաղաքացիական մասնագիտացման բաժնից անցողիկ շեմը հաղթահարել են Աննա Շիլաջյանը՝ 10 կողմ, 0 դեմ, Նարինե Թորոսյանը՝ 10 կողմ, 0 դեմ ձայներով:
Վարչական մասնագիտացման բաժնից՝ Լուսինե Բոյաջյանը՝ 10 կողմ, 0 դեմ, Նարեկ Գասպարյանը՝ 10 կողմ, 0 դեմ, Հերմինե Մուրադյանը՝ 10 կողմ, 0 դեմ, Տիգրան Սանթրոսյանը՝ 10 կողմ, 0 դեմ, և Սյուզաննա Վարդանյանը՝ 6 կողմ, 4 դեմ ձայներով:
Քրեական մասնագիտացման բաժնից` Ռիմա Առաքելյանը՝ 10 կողմ, 0 դեմ ձայներով, Մասիս Մելքոնյանը՝ 9 կողմ, 1 դեմ ձայներով»,- ասված էր ԲԴԽ տարածած հաղորդագրության մեջ:
Ինչպես ուշադիր ընթերցողը հասկացավ, քրեական մասնագիտացմամբ դատավոր դառնալու հավակնություններ ունի նաև Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ցուցակով 2021թ. խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող փաստաբան, ներկայումս Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Մասիս Մելքոնյանը:
Վերջինիս, հիշեցնենք, դերասանուհի Մարջան Ավետիսյանը մեղադրում է այն բանում, որ լինելով իր փաստաբանը, Մասիս Մելքոնյանը յուրացրել է իր գումարները:
ԲԴԽ 9 անդամներ կոնսենսուսով քվեարկել են Մասիս Մելքոնյանի՝ դատավոր դառնալու օգտին:
Իհարկե, ուշագրավ տեղեկություններ կան նաև այն մասին, թե ինչպես է Մասիս Մելքոնյանը հաղթահարել քննական թեստերը, սակայն այդ մասին՝ այլ առիթով:
Ինչևէ, 1 «դեմ» քվեարկությունը, սակայն, չի խանգարել, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բացասական եզրակացությամբ դատավորի թեկնածուին ԲԴԽ-ն դարձնի դատավոր:
Զարգացումները, սակայն, սրանով չեն ավարտվում: Ըստ ընթացակարգի՝ ՀՀ նախագահը պետք է ստորագրի հրամանագիրն անձի դատավոր դառնալու մասին, ինչը, սակայն, 168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը չի արել հենց այն հիմքով, որ քրեական վարույթով անցնող Մասիս Մելքոնյանը չի կարող դառնալ քրեական մասնագիտացմամբ դատավոր:
Այսինքն՝ ՀՀ նախագահը Մասիս Մելքոնյանի թեկնածությունը չի հաստատում ու հետ է վերադարձնում ԲԴԽ:
Կարեն Անդրեասյանը, սակայն, որոշել է ամեն գնով դատավոր դարձնել յուրային Մասիս Մելքոնյանին, և այսօր ԲԴԽ-ում Մասիս Մելքոնյանի հարցը կրկին դրվում է քվեարկության, և կրկին դիմել են ՀՀ նախագահին:
Ըստ կարգի՝ եթե 2-րդ անգամ Նախագահը վերադարձնում է թեկնածությունը, նոր ԲԴԽ-ն իր որոշմամբ դատավորի թեկնածուին նշանակում է դատավորի պաշտոնում: