«Փաշինյանի և Արևմուտքի մարտավարությունն առանց ստորագրելու տարածքներ հանձնելն է. այդպես հանձնեց Տեղ համայնքի որոշակի բարձունքներ». Հայկ Նահապետյան
Այսօր առավոտյան ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունն առավոտյան հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության:
Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում:
168.am-ի հետ զրույցում անվտանգության փորձագետ Հայկ Նահապետյանն անդրադառնալով Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքների հնարավոր զարգացումներին ու դրանց հետևանքներին՝ նախ ասաց, որ ադրբեջանական կողմը սովորաբար Սոթքում օգտագործում է հրաձգային զինատեսակներ, իսկ երբ հայկական կողմը փորձել է աշխատել, ադրբեջանական կողմն ինտենսիվ կրակահերթեր է արձակել։ Իրավիճակն այս անգամ բոլորովին այլ էր։
«Այս անգամ Ադրբեջանն օգտագործել է ականանետեր ու հրետանի, իհարկե, կարճ ժամանակ, բայց իմ տեղեկություններով՝ աշխատել է։ Հիմա ինտենսիվությունը մի փոքր նվազել է։ Եթե փորձենք ռազմական տեսանկյունից գնահատել, ապա ականանետերի կիրառումը նպատակ է հետապնդում մեր պաշտպանական թիրախները խոցել, գուցե նաև մարտական խնդիր կա՝ Սոթքի ամբողջ հանքավայրը վերցնել հսկողության տակ, ներառյալ՝ նաև հայկական մասի։ Հանքն ամբողջությամբ վաճառվել է բրիտանական ընկերությանը։ Սրան զուգահեռ ՝մենք պետք է հիշենք Արցախում Դրմբոնի, Կաշենի հանքը, որը ևս վաճառվել է բրիտանական ընկերությանը։ Այս տրամաբանությամբ կարող ենք ասել, եթե այս գործողությունները լայնածավալ ռազմական գործողությունների չվերածվեն, ապա խնդիր կա Սոթքի հանքն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել»,- նշեց Հայկ Նահապետյանը։
Փորձագետը նաև չի բացառում, որ Ադրբեջանը որոշ առումով իրականացնի լայնածավալ ռազմական գործողություններ ոչ միայն Գեղարքունիքի մարզի, այլև այլ ուղղություններով՝ Ադրբեջանն ունի մի քանի հարվածային ուղղություններ։ Եթե Ադրբեջանի կողմից խնդիրը միայն բարձունքներ ու մարտական հենակետեր վերցնելը չէ, ինչպես եղավ նախորդ տարվա սեպտեմբերի 13-14-ին, այլ «Զանգեզուրի միջանցք» վերցնելն է, ապա հարվածային ուղղությունը հյուսիսից ու հարավից է լինելու, Ջերմուկի, Գորիսի ուղղությամբ։ Եթե Ջերմուկի ուղղությամբ լինի, ապա թշնամին Նախիջևանից Վայքի ուղղությամբ կարող է գործողություններ սկսել, իսկ եթե Գորիսից լինի, ապա Սիսիանի Անգեղակոթի հատվածից՝ փորձելով երկու կողմից շրջափակման մեջ վերցնել հայկական զինուժը և կտրել երկու հայկական մարզերը։
«Մեղրիի ուղղությամբ քիչ հավանական եմ համարում, որովհետև այնտեղ կան ռուս սահմանապահները։ Իսկ հայկական կողմը դեռ մտածում է ՀԱՊԿ ռազմատեխնիկական օգնության վերաբերյալ և այն գնահատում է ոչ արդյունավետ։ «Անարդյունավետ» բառը պետք է վերագրել Փաշինյան Նիկոլին ու իր քաղաքական խմբակին՝ ի դեմս ԱԺ-ի և Կառավարության։ Երեկ ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՀԱՊԿ-ի հետ կապված հայկական կողմին հիշեցրեց այդ նույն բառը, որ դա հրապարակային հայտարարությունների տիրույթում չպետք է լինի, և եթե կան խնդիրներ, ապա դրանց լուծումները պետք է գտնեն մասնագիտական քննարկումների արդյունքում»,- շեշտեց Հայկ Նահապետյան։
Միաժամանակ նա ընդգծեց, որ եթե այս ամենին գումարվի նաև ՀՀ-ի կողմից ՀԱՊԿ զորավարժությունների անցկացման վիժեցումը, որին կարող էին ներգրավվել Իրանի և Չինաստանի զինուժի ներկայացուցիչները։ Նրա կարծիքով՝եթե այս ամենը ՀՀ իշխանությունը չմերժեր, ապա Ալիևը չէր համարձակվի դիմել նման էսկալացիայի, հաշվի առնելով, որ իր սադրանքների պատասխանը ոչ միայն Հայաստանն է տալու, այլև ՀԱՊԿ-ը, իսկ առավելագույնը՝ Իրանը։
«Ինչո՞ւ չի ստորագրում Փաշինյանը, երկիրը թողել է անպաշտպան վիճակի, նա Գերմանիայում հայտարարեց, որ չի կարող երաշխավորել մեր երկրի անվտանգությունը։ Չի ստորագրում, որովհետև ունի պայմանավորվածություններ, պետք է հանձնի տարածքներ, Փաշինյանի և Արևմուտքի մարտավարությունն առանց ստորագրելու հանձնելն է։ Այդպես հանձնեց Տեղ համայնքի որոշակի բարձունքներ, որը ՀՀ տարածք է, այն բարձունքը վերցնելուց հետո միայն ադրբեջանական կողմը ստորոտին՝ կամրջի վրա դրեց անցակետ»,- եզրափակեց Հայկ Նահապետյանը։