ՌԴ ՊՆ-ն խոստացել է անհրաժեշտ քանակով զենք տրամադրել․ «Վագների» ղեկավար
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը խոստացել է «Վագների» մարտիկներին տրամադրել անհրաժեշտ սպառազինություն։ Այս մասին հայտարարել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը, որի հայտարարության ձայնագրությունը հրապարակվել է Пресс-служба Пригожина («Պրիգոժինի մամուլի ծառայություն») տելեգրամյան ալիքում։
«Այս գիշեր մենք ստացանք մարտական կարգադրություն․ այս ամբողջ ընթացքում առաջին անգամ։ Որի մեջ, եթե հանել գաղտնի տվյալները, մեզ խոստանում են տալ զինամթերք ու սպառազինություն՝ այնքան, որքան անհրաժեշտ է հետագա գործողությունները շարունակելու համար»,- ասված է հայտարարության մեջ
Նա նաև ասել է, որ «մեզ տալիս են Սուրովիկինին որպես մարդ, որը կընդունի բոլոր որոշումները՝ պաշտպանության նախարարության և «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության միջև փոխգործակցության շրջանակներում։»
«Նա միակ մարդն է բանակի գեներալի աստղով, որը կարողանում է պատերազմել։ Ուրիշ այդպիսի խելամիտ մեկը չկա»,- հայտարարել է Պրիգոժինը։
«Վագների» ղեկավարի խոսքով՝ ինքը մասնավոր չատերում ասել է, որ նրանք, որոնք ցանկանում են այլ տեղ կռվել, կարող են միանալ այլ զորամիավորումների։ «Բոլորը միանաշանակ պատասխանել են՝ ոչ»,- ընդգծել է Պրիգոժինը։
Մայիսի 6-ին «Վագների» ղեկավարը կապ էր հաստատել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի ներկայացուցիչների հետ՝ մայիսի 10-ին Բախմուտում իրենց դիրքերը փոխանցելու համար։ Իր հերթին Կադիրովը հայտարարել էր, որ ստորագրել է Ռուսաստանի նախագահին ուղղված նամակն այն մասին, որ «Ախմատ» ստորաբաժանումը պատրաստ է մեկնել Բախմուտ։
Մայիսի 4-ին և 5-ին Պրիգոժինը տեսանյութեր էր հրապարակել, որոնցով հայտարարել էր, որ մայիսի 10-ին դուրս կհանի իր զորքերը, եթե անհրաժեշտ սպառազինություն չստանա ՌԴ ՊՆ-ից։ Նա նշել էր, որ մայիսի 1-ից ՊՆ-ն իր վարձկաններին տրամադրում էր անհրաժեշտ սպառազինության ընդամենը 10%-ը։