ՆԱՏՕ-ն Ուկրաինային մատակարարել է խոստացված մարտական մեքենաների 98 %-ը. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինային տրամադրել են գրեթե բոլոր խոստացված մարտական մեքենաները։ Այդ մասին տեղեկացնում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը:
«Ուկրաինային խոստացված մարտական մեքենաների ավելի քան 98 %-ը մատակարարվել է»,- ասել է նա Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բեթելի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսում։
Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինային մատակարարել են, ընդհանուր առմամբ, 1550 զրահամեքենա, 230 տանկ և այլ սարքավորումներ, այդ թվում՝ մեծ քանակությամբ զինամթերք:
«Ընդհանուր առմամբ, մենք վերապատրաստել ու հանդերձել ենք ինը նոր ուկրաինական զրահատանկային բրիգադ: Սա կուժեղացնի Ուկրաինայի դիրքերը, որպեսզի նրանք շարունակեն հետ վերցնել գրավված տարածքները», – ասել է Ստոլտենբերգը՝ շեշտելով, որ հարկավոր է ավելի մեծ և ավելի լավ ներդրումներ անել պաշտպանության ոլորտում:
Ռուսաստանն ավելի վաղ նոտա է հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն մասնակցում են Ուկրաինայի հակամարտությանը ոչ միայն զենքի մատակարարումներով, այլև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների տարածքում կադրերի պատրաստմամբ»։