Հրեական համայնքային հարաբերությունների խորհուրդը համերաշխություն է հայտնում հայ ժողովրդին. Ամերիկայի հայկական համագումար

Այս շաբաթ Ամերիկայի հայկական համագումարին ուղղված նամակում Հրեական համայնքային հարաբերությունների խորհուրդը (JCRC) հայտնել է իր շարունակական համերաշխությունը հայ համայնքին և ժողովրդին, մասնավորապես՝ Արցախում, որտեղ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը հայ ժողովրդի համար հանգեցրել է հումանիտար ճգնաժամի 2022թ.-ի դեկտեմբերից: Այս մասին տեղեկացրին Ամերիկայի հայկական համագումարից։

«Մտորելով հրեա և հայ ժողովուրդների՝ որպես 20-րդ դարում ցեղասպանության թիրախների «ընդհանուր փորձառության» մասին՝ JCRC-ն գնահատեց երկու համայնքներին, որոնք ստեղծել են «համերաշխության ամուր կապեր տասնամյակների ընթացքում՝ շարունակական համատեղ քարոզչության և համագործակցության միջոցով»:

«Տարվա այս ժամանակահատվածում, երբ մեր երկու համայնքներն էլ կանգ են առնում մեր պատմությունները հիշելու համար, և մինչ մենք միանում ենք հայ համայնքին առաջիկա օրերին՝ ոգեկոչելու նրանց ցեղասպանության փորձառությունը, տեղին և անհրաժեշտ է նաև, որ մենք կանգ առնենք՝ Լեռնային Ղարաբաղում/Արցախում հայ համայնքի ծանր վիճակի նկատմամբ ուշադրություն հրավիրելու համար»:

2020թ.-ին JCRC-ն ԱՄՆ-ին կոչ արեց միջամտել 44-օրյա պատերազմի ժամանակ ու թեթևացնել հակամարտությունը և ևս մեկ անգամ «կոչ է անում Միացյալ Նահանգների Կոնգրեսին՝ բավարարել Արցախում հումանիտար և վերականգնման հրատապ կարիքները»։

«Մենք չենք կարող ձեռքերը ծալած նստել, մինչ հայ ժողովուրդը կանգնած է հերթական արտասովոր հումանիտար աղետի ռիսկի առջև»,– նշվում է հայտարարության մեջ։

«Համագումարը ողջունում է Արցախի հայ ժողովրդի հետ համերաշխության այս հայտարարությունը և բարձր է գնահատում մեր սերտ ու շարունակական համագործակցությունը JCRC-ի և հրեական համայնքի հետ»,– ասել են համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Գրիգորյանը:- Հուսով ենք, որ այլ միջկրոնական, կառավարական և քաղաքացիական կազմակերպություններ կհետևեն օրինակին և կհայտնեն նմանատիպ տրամադրություններ՝ օգնելու վերջ դնել Լաչինի միջանցքի անմարդկային արգելափակմանը և Ալիևի ռեժիմի ցեղասպան քաղաքականությանը»:

Ըստ աղբյուրի՝ JCRC-ն մի կառույց է, որը միավորում է 45 անդամ կազմակերպություններին

Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:

Տեսանյութեր

Լրահոս