Աջափնյակի Չաուշի, Շիրազի և Մազմանյան փողոցների հատման վայրում գտնվող հրապարակը կանվանակոչվի «Եգիպտոսի հրապարակ»
Երևանի ավագանին առաջարկում է քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Գևորգ Չաուշի, Շիրազի և Մազմանյան փողոցների հատման վայրում գտնվող հրապարակն անվանակոչել «Եգիպտոսի հրապարակ»: Հարցն ընդգրկված է ապրիլի 18-ի ավագանու նիստի օրակարգում:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ներկայացրել է առաջարկություն Երևան քաղաքում Եգիպտոսի կամ Կահիրեի փողոց անվանակոչելու վերաբերյալ, ինչին զուգահեռ՝ Կահիրեում Հայաստանի կամ Երևանի անունով փողոց կանվանակոչվի:
Նշված առաջարկի նպատակահարմարությունը հիմնավորվում է մի շարք հանգամանքներով և պատճառներով, որոնց թվում են հայ-եգիպտական բազմադարյա բարեկամական հարաբերությունները, Եգիպտոսի բարյացակամ վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ, մասնավորապես` Հայոց ցեղասպանությունից հետո, հայազգի որոշ անհատների մեծ ներդրումը ժամանակակից Եգիպտոսի կայացման գործում, ՀՀ-ԵԱՀ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, Եգիպտոսի կարևոր դերը և քաղաքական նշանակությունն արաբական աշխարհում, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջաններում, ինչպես նաև հաշվի առնելով, որ 2022թ. լրացել է ՀՀ և ԵԱՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:
Բացի այդ, ակնկալվող հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի ընթացքում նախատեսվում է Երևան և Կահիրե քաղաքների միջև համագործակցության և քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագրի ստորագրումը, և անվանակոչությունն այդ իրադարձությունը նշանավորելու լավ միջոց կլինի: 2023թ. ընթացքում հայկական կողմն ակնկալում է նաև ԵԱՀ Նախագահի և ԱԳ նախարարի պաշտոնական այցերը Հայաստան և այս առնչությամբ կարելի է դիտարկել նաև բացման արարողություն իրականացնելու հնարավորությունը: