Ադրբեջանում կանխակալ ու զգացմունքային են որակել Իրանի արձագանքը այդ երկրի դեսպանատան 4 աշխատակիցների արտաքսելու որոշմանը

Ադրբեջանում կանխակալ ու զգացմունքային են որակել Իրանի արձագանքը Ադրբեջանից Իրանի դեսպանատան 4 աշխատակիցներին արտաքսելու որոշմանը։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն, մեկնաբանելով Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը, թե Ադրբեջանում Իրանի դեսպանատան 4 աշխատակիցներին արտաքսելու որոշումը հակասում է բարիդրացիության սկզբունքներին, հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքում ապօրինի գործունեությունը չի պայմանավորվում բարիդրացիական հարաբերություններով։Scroll Down
Հաջիզադեն հայտարարել է, որ պատասխան միջոցառումներն Ադրբեջանի տարածքում ապօրինի գործողություններին Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում են։

Նա նաև հավելել է, որ Ադրբեջանը միշտ հարևանների հետ հարաբերությունները կառուցում է փոխադարձ սկզբունքների վրա, և երբեք շահագրգռված չի եղել այդ հարաբերությունների խաթարմամբ։ «Ադրբեջանական կողմի ձեռնարկված ադեկվատ միջոցները միշտ պատասխան են եղել սադրիչ և բորբոքող քայլերին»,- ասել է Հաջիզադեն։

Ապրիլի 6-ին Բաքվում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն, որտեղ նրան տեղեկացրել են նաև, որ Իրանի դեսպանատան չորս աշխատակիցներ Ադրբեջանի կառավարության կողմից հայտարարվել են «պերսոնա նոն գրատա», քանի որ նրանք, իբր, դիվանագիտական ​​կարգավիճակին չհամապատասխանող և 1961 թ.-ի Վիեննայի դիվանագիտական ​​հարաբերությունների մասին կոնվենցիային հակասող գործունեություն են ծավալել:

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ապրիլի 7-ին հայտարարել է, որ իրանցի դիվանագետներին արտաքսելու Բաքվի քայլը հակասում է բարիդրացիության սկզբունքներին։

Տեսանյութեր

Լրահոս