Միայն իմ օրոք 1500 ինքնաթիռ ռազմական տեխնիկա ենք տեղափոխել Հայաստան. Սեյրան Օհանյանը հակադարձում է Փաշինյանին․ News.am
Սահմանային իրավիճակը լարված եղել է ու միշտ էլ լարված մնալու է, մեր նորօրյա պատմությունը հենց առանձնահատուկ է դրանով, որ անկախության եւ Արցախի ինքնորոշման ճանապարհը հենց այնպես հարթ չի անցել: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում NEWS.am -ի հետ զրույցում ասաց Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Այսօր էլ պետք է այդ պայքարը շարունակել, բայց այլ իրավիճակ է հիմա ստեղծված 44-օրյա պատերազմից հետո եւ հակառակորդն անընդհատ սաստկացնում է ճնշումները Հայաստանի եւ Արցախի նկատմամբ եւ դրանից ելնելով էլ սահմանային իրավիճակը լարված է: Ռազմաքաղաքական իրավիճակը այսօր այնպիսին է, որ տարածաշրջանային զարգացումների վրա կարող են ազդել նաեւ ածխարհաքաղաքական բոլոր իրադարձությունները եւ դրանից կարող են օգտվել եւ հարեւանները եւ հակառակորդները եւ օգտվում են, քանի որ նրանց ճնշումը ուղղված է եւ Հայաստանի եւ Արցախի վրա: Մեր համար ճանապարհը մեկն է՝ պետք է լուրջ աշխատանք կատարվի անվտանգության համակարգը ձեւավորելու ուղղությամբ, իսկ դրա համար պետք է ձեւավորել ազգային եւ միջազգային երաշխիքներ; Ազգային երաշխիքը մեր բանակն է, մեր տնտեսությունն է, մեր համախմբվածությունն է, մեր անվտամնգային ողջ համակարգն է՝ ուժային կառույցներով, միջազգային երաշխիքները՝ լայն ընդգրկվածություն ունեցող արտաքին քաղաքականությունն է՝ լուրջ բանակցային գործընթացներով, լուրջ բանակցային մարտավարական եւ ռազմավարական քայլերով»,- ասաց նա:
Սեյրան Օհանյանը չցանկացավ մեկնաբանել վարչապետի տիկնոջ՝ նախօրեին արված հայտարարությունը 11 հազար դասալիքների մասին, սակայն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը 5-րդ շարասյան մասին ասաց, որ իշխանությունը պատերազմի ժամանակ եւ դրանից հետո ոչինչ չեն արել դա բացահայտելու եւ կանխելու համար:
«Սա նշանակում է, որ եթե կա 5-րդ շարասյուն, կա նաեւ 6-րդ շարասյուն, դա Նիկոլ Փաշինյանն է, ով խրախուսել է այդ ամբողջ ճանապարհը»,- ասաց նա:
Անդրադառնալով ռազմամթերքի ձեռքբերմանը՝ Օհանյանը նշեց, որ միայն իր ղեկավարման տարիներին 1500 չվերթ ռազմական տեխնիկա է ներկրվել ՌԴ-ից եւ այլ երկրներից:
«Դրա համար իրենք պետք է լուրջ վերլուծություն անեն, պատերազմից հետո իրենք պետք է լուրջ վերլուծություն անեին պատերազմից հետո, իերնք ոչինչ չեն արել եւ սլաքներն ուզում են ուղղել բանակի ուղղությամբ, իսկ դա ճիշտ ուղղություն չէ, պետք է գնահատական տրվի իշխանության բոլոր թեւերի ուղղությամբ՝ ինչ է կատարևել օրենսիր մարմինը, ինչ է կատարել գործադիր մարմինը պետական եւ ռազմական կառավարման ուղղությամբ, եւ ինչ են կատարել իրավական համակարգը օրինականությունը պահպանելու, մարտի դաշտում եւ երկրի խորքում»,- ասաց նա: