2020թ. ՌԴ-ն կանգնեցրեց պատերազմը, բայց բոլորը գիտեն, որ կար հնարավորություն ավելի վաղ հասնել հրադադարի, քան այն ժամանակ, երբ դա տեղի ունեցավ. Լավրով

«Եթե խոսենք կատեգորիաներով, որ ավարտվել է օկուպացիան, որը շարունակվում էր ոչ մեկ տասնամյակ, և սկսվել է ագրեսիա, ապա ոչ մի խնդիր չենք լուծի»,- այս մասին այսօր Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ քայլեր է ՌԴ-ն պատրաստվում նախաձեռնել Հայաստանի ու Արցախի ուղղությամբ ադրբեջանական նոր ագրեսիայի կանխման համար:

Նրա խոսքով, կողմերի հաշտեցման համար պետք է մշտապես փնտրել ուղիներ, շահերի միջև հավասարակշռություն, և հենց այդպես է վարվել ՌԴ-ն՝ որպես ՀՀ դաշնակից և Ադրբեջանի ռազմավարական գործընկեր, երբ 2020 թվականին կանգնեցրել է ռազմագործողությունները:

«Կարելի է խորանալ պատմության մեջ, ինչը չեմ ցանկանում անել։ Բոլորը գիտեն, որ եղել է հնարավորություն ավելի վաղ հասնել հրադադարի, քան այն ժամանակ, երբ դա տեղի ունեցավ: Բայց ես դա թողնում եմ պատմաբաններին, թող արդեն նրանք ուսումնասիրեն, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել: Մենք հանդես ենք գալիս այն բանի օգտին, որպեսզի ողջ ծավալով, առանց իմպրովիզացիաների՝ իրականացվեն բոլոր եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև, առաջին հերթին՝ պայմանավորվածությունները, որոնք կայացել են նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը 2020 թվականի»,- ասաց Լավրովը:

Մեկ այլ հարցի, թե Լաչինի միջանցքում Ադրբեջանի գործողություններն արդյոք հեղինակազրկող գործոն չե՞ն ռուս խաղաղապահների համար, և չի՞ համարում արդյոք, որ միջազգային ներգրավումը կհանգեցնի կոնկրետ արդյունքների, Լավրովը պատասխանեց, որ Լաչինի միջանցքի խնդիրը պետք է դիտարկվի բացառապես եռակողմ պայմանավորվածությունների կոնտեքստում, և միայն առանց բացառությունների բոլոր ասպեկտներով Լաչինի միջանցքին վերաբերող պայմանավորվածությունների ամբողջական իրականացումը կարող է լուծել ներկայիս իրավիճակը:

Կարդացեք նաև

Ըստ նրա, հենց դրանով էլ ներկայումս զբաղվում են ՌԴ խաղաղապահները:

«Մենք այսօր դրա մասին մանրամասնորեն խոսել ենք: Ես շատ հուսով եմ, որ բոլոր կողմերը կհասկանան, որ պետք է իրականացվեն բոլոր պայմանավորվածությունները, այնտեղ յուրաքանչյուր կողմ ունի իր պարտավորությունները»,- նկատեց ՌԴ ԱԳ նախարարը:

Նա նաև գտնում է, որ ՌԴ-ին հեղինակազրկել ոչ միայն ցանկանում են, այլ բացահայտ այդ մասին հայտարարում են ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, նրանք մեծ հաշվով զբաղվում են նրանով, ինչն ինքն անվանում է դիվանագիտական «ռեյդերություն», երբ նրանք փորձում են իրենցով անել եռակողմ պայմանավորվածությունները:

Տեսանյութեր

Լրահոս