Բաժիններ՝

Համբուրգում առնվազն 7 մարդ է զոհվել «Եհովայի վկաների» կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով

Առնվազն 7 մարդ է զոհվել, 24-ը՝ վիրավորվել մարտի 9-ի երեկոյան Համբուրգի «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության տեղական կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Ավելի վաղ տեղեկատվություն էր ստացվել 6 զոհի մասին։ Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի Ալստերդորֆի շրջանում։

«Այսօր ժամը 21:00-ի (Երևանի ժամանակով 00:00-ի) սահմաններում մեկ կամ մի քանի անհայտ անձինք եկեղեցում կրակ են բացել մարդկանց վրա», – ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Ըստ Bild պարբերականի՝ իրավապահ մարմինները հորդորել են խուսափել դեպքի վայրից և դուրս չգալ մոտակա փողոցների տներից։ Ըստ Hamburger Morgenpost-ի՝ վիրավորներից 7-ի վիճակը գնահատվում է ծանր։ Հարձակվողի դրդապատճառներն ու միջադեպի հանգամանքներն առայժմ հայտնի չեն։ RTL հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Համբուրգի ոստիկանությունը կարծում է, որ «Եհովայի վկաների» կենտրոնում կրակողը ինքնասպան է եղել։

Հեռուստաալիքի տվյալներով, երբ ոստիկանները մտել են շենք, վերևի հարկերում լսել են կրակոց։ Ավելի ուշ այնտեղ հայտնաբերվել է ենթադրյալ հանցագործի մարմինը։ Այդուհանդերձ, այս տեղեկությունը դեռ չի հաստատվել, հետաքննությունը շարունակվում է։

DPA գործակալության տվյալներով՝ փրկարարները տուժածներին դուրս են բերում կենտրոնի շենքից։ Նշվում է, որ իրավապահ մարմինները տեղի ունեցածը գնահատում են որպես «զանգվածային սպանություն՝ մոլագարության հողի վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս