Թուրքիայի ընդդիմադիր դաշինքը հայտնել է նախագահի միասնական թեկնածուի անունը
Թուրքիայում ընդդիմադիր 6 կուսակցություններից բաղկացած «Ազգ» դաշինքը կարողացել է համաձայնության գալ առաջիկա նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի հարցում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հաջողվել է քննարկման սեղանի շուրջ վերադարձնել «Լավ» կուսակցությանը, որի առաջնորդ Մերալ Աքշեները մարտի 3-ին հայտարարել էր թեկնածուի առաջադրման հարցում տարաձայնության պատճառով դաշինքը լքելու մասին:
ԼԿ-ն չէր համաձայնել մյուս 5 կուսակցությունների սատարած «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածությանը՝ առաջարկելով Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի կամ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի թեկնածությունը:
Մարտի 6-ին, սակայն, համաձայնություն է ձեռք բերվել ԼԿ-ի հետ` պայմանով, որ «Ազգ» դաշինքի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հաղթանակի դեպքում Իմամօղլուն և Յավաշը նշանակվելու են փոխնախագահների պաշտոններում: