ՄԻՊ կառույցը ներսից քանդելուց հետո Նիկոլ Փաշինյանը հիմա էլ անցել է այն հեղինակազրկելուն

Վաղը կլինի ուղիղ մեկ ամիս, որ Հայաստանի Հանրապետությունը Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) չունի։ Այսինքն` չունի շատ ավելի վաղ, և ըստ էության վերջին մեկ տարում ՄԻՊ` որպես այդպիսին չենք էլ տեսել, սակայն պաշտոնապես Ազգային ժողովը (ԱԺ) հենց հունվարի 24-ին հայտնեց, որ արդեն նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն իրար հետևից  կրկնել է իր հրաժարականի դիմումը։ Վերջինս ավելի լավ աշխատանք է գտել (ամեն դեպքում հենց այդպես է հայտարարել աշխատակազմի հետ հրաժեշտի հանդիպմանը) և հենց նույն օրն էլ մեկնել է երկրից։ Քրիստիննե Գրիգորյանի ձայնն այդ օրից ի վեր չի լսվել։ Բայց դա չէ էականը, այլ այն, որ իշխանությունները մեկ ամիս է` ՄԻՊ-ացու չեն գտնում։ Կամ չեն ուզում…

Իրականում այս իրավիճակը ձեռնտու է նրանց։ Ոչ ոք չի խոսում անհարմար բաների մասին, իսկ կառույցում էլ այն աստիճանի «բարդակ» է, որ խիստ պատահաբար ենք իմանում հերթական ժամանակավոր պաշտոնակատարի մասին:

Մի դրական բան, այնուամենայնիվ, երեկ տեղի ունեցավ։ Քրիստիննե Գրիգորյանի բացակայությամբ ուղիղ մեկ ամիս նրա PR-ն անող ղեկավար կազմը երեկ, ի վերջո, հասկացավ, որ այդ կինն այլևս ու վաղուց ՄԻՊ չէ, և, բարեբախտաբար, նրա նկարը ՄԻՊ պաշտոնական էջի գլխանկարի հատվածից հեռացվեց։

168.am-ն ավելի վաղ գրել էր, որ առնվազն անհասկանալի է չեղած պաշտոնյայի լուսանկարով էջ ունենալ, բայց միայն երեկ հասկացան` տգեղ է, օրենքի խախտում է, ծիծաղելի է։ Ինչևէ, լավ է ուշ, քան ավելի ուշ։

Կյանք է, ամեն ինչ պատահում է, և միգուցե Քրիստիննե Գրիգորյանի համար իսկապես արդարացված է իր պաշտոնից հեռանալը, սակայն այն, թե ինչպես են այս իշխանությունները վերաբերվում երբեմնի հեղինակավոր կառույցի հետ, թեպետ տրամաբանական է, բայց զարհուրելի։

Հիմա արդեն վաղուց ՄԻՊ նոր թեկնածուն պետք է ներկայացված լիներ խորհրդարանական խմբակցություններին, պատասխաներ նրանց հարցերին։ Ի վերջո, պետք է հիմնավորեր, համոզեր, որ հանրության մեջ ունի բավարար հեղինակություն, եթե դա առերևույթ չերևար, ինչպես արեց նախկին ՄԻՊ-ը։ Բայց դա էլ չկա։ Այս իշխանությունների համար ՄԻՊ-ը, եթե անվերապահորեն չի կատարում իրենց կամքը ու շեղվում է փաշինյանական գծից, անհասկանալի ու անիմաստ պաշտոնյա է։ Բայց գոնե իրենց սիրելի Անդրեա Վիկտորինի ու այլ եվրոպաշտոնյաների աչքում սրբերի համարումը չկորցնելու համար ՄԻՊ պետք է ունենան, թեկուզ ձևական։ Բայց չեն գտնում նաև այդ ձևականը։

Ըստ ամենայնի ՔՊ-ականների հետ Եռաբլուր գնացող ու իր աչքերի առաջ Եռաբլուրի ասֆալտներով կարմիր բերետավորների կողմից քարշ տրվող հերոսածին մայրերին տեսած Քրիստիննե Գրիգորյանի օրինակն անգամ ՔՊ-ականներին չի գայթակղում։

Իսկ գծից շեղվել չի կարելի։ ՄԻՊ-ը պետք է լինի ՆԻՊ` Նիկոլ Փաշինյանի պաշտպան` դրանից բխող բոլոր հետևանքներով։

Այս ընթացքում տարատեսակ անուններ շրջանառվեցին, որոնք իբր թե հրաժարվել էին առաջադրվել կառավարող խմբակցության կողմից։ Միգուցե։

Չի շտապում թեկնածու առաջադրել նաև ընդդիմությունը, ավելի ճիշտ` հրաժարվում են նաև ընդդիմության թեկնածուները, ինչը տրամաբանական է։ Ոչ ոք չի ցանկանում իրեն հանձնել ՔՊ-ականների դատին։

Իսկ մինչ այդ ՄԻՊ կառույցը կորցնում է իր հեղինակության վերջին նշույլները։

Տեսանյութեր

Լրահոս