«Մինչև թշնամու զինվորները դուրս չգան ՀՀ տարածքներից, Հայաստանն իրավասություն չունի բանակցություններ սկսելու «խաղաղության դարաշրջանի» մասին». Ռուբեն Գալիչյան

Փետրվարի 8-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության և ՀԱՊԿ դիտորդական առաքելությունից հրաժարվելու մասին, հայտարարեց, որ ի տարբերություն ՀԱՊԿ առաքելության, ԵՄ դիտորդական առաքելությունը հստակ գծագրել է, թե որն է ՀՀ սահմանն իրենց համար։

«ՀԱՊԿ-ի պարագայում մենք շատ հստակ ձևակերպել ենք խնդիր, քանի որ այն ունի շատ մանրամասն նկարագրած փաստաթղթեր, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակների արձագանքման կամ կանոնակարգման, որտեղ հստակ գրված են գործողություններ, բայց միևնույն ժամանակ կա հստակ ըմբռնում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մասին։ ՀԱՊԿ-ից մենք խնդրել ենք ամենակարևոր սկզբունքային մի բան՝ ճշգրտել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում, այսինքն՝ մեզ ասեն, թե ո՞րն է իրենց պատկերացմամբ Հայաստանը։ Մենք այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել, մյուս կողմից՝ ԵՄ քաղաքացիական առաքելության գործուղումն ինչո՞ւ է հնարավոր դարձել, որովհետև Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում հստակ գծագրել է, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ և համաձայնությամբ, թե որն է Հայաստանի Հանրապետությունը, այսինքն՝ իրենք ասել են, որ մեր պատկերացմամբ՝ ՀՀ քարտեզը սա է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

1991 թվականի անկախությունից հետո ՀՀ-ն չունի՞ իր ամրագրած սահմանները, ինչո՞ւ երկրի ղեկավարը դիտորդներին չի ներկայացնում այդ սահմանները։

168.am-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը պատասխանելով մեր հարցերին, նախ ասաց՝ ՀԱՊԿ-ը նախապես հայտարարել էր, որ ինքը չի գալու Հայաստան՝ Հայաստանին պաշտպանելու, քանի որ հայտնի չէ, թե Հայաստանի սահմանները որտեղ են։

Կարդացեք նաև

«Իրենք են այդ սահմանները գծել՝ Խորհրդային Միությունն է գծել և 1991 թվականի անկախության ժամանակ վավերացրել, հետո ՀԱՊԿ-ն ասում է, թե՝ մենք չգիտենք այդ սահմանները որտեղ են։ Եթե իրենք չգիտեն, թե որտեղ է այդ սահմանը, թող գան, ես իրենց քարտեզներով ցույց կտամ։ Սա նշանակում է, որ իրենք չեն ցանկանում գալ, բայց հիմա, երբ տեսնում են, որ ԵՄ առաքելությունն է գալիս՝ հետ չմնալու համար հայտարարում են, թե՝ ինչո՞ւ մեզ չընդունեցիք։ Եթե իսկապես ՀԱՊԿ-ը չգիտի՝ Հայաստանի սահմանները որոնք են, գալիս են ի՞նչը դիտելու։ Պետք չէ, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին թելադրի, թե որտեղ է ՀՀ սահմանը, եթե ՀԱՊԿ անդամ երկրները 1991 թվականին անկախացել են ու չեն ընդունում այդ սահմանները, ապա իրենք՝ որպես երկիր, գոյություն չունեն, քանի որ սահման չունեն»,- նշեց Ռուբեն Գալիչյանը։

Ըստ քարտեզագետի, ԵՄ դիտորդական առաքելությունն այժմ պետք է դիտորդական առաքելություն իրականացնի այն սահմանների շրջանակներում, որը պատրաստել է ՌԴ Գլխավոր շտաբը և վավերացրել 1969-1970 թվականներին։ Այդ քարտեզներն ունեն թե՛ ՀԱՊԿ անդամ երկրները, թե՛ Հայաստանը։

Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ ԵՄ դիտորդական առաքելությունն իրականացվելու է Նիկոլ Փաշինյանի նշած 29.800 քկմ տարածքի սահմաններում, Ռուբեն Գալիչյանի պատասխանը բացասական էր։

«Պատերազմի ժամանակ և դրանից հետո ադրբեջանցիներն առաջ են եկել 150-250 քկմ-ով, գրավել են այդքան տարածք, առաջ են եկել  Սև լճի տարածքում, Ջերմուկի հատվածում և այլ հատվածներում։ Ուզած-չուզած, ԵՄ դիտորդական առաքելությունը պետք է գնա այնտեղ, որտեղ ադրբեջանցի զինվորն է կանգնած, բայց սա չի նշանակում, որ Հայաստանն ընդունում է, որ սա իր ընդունած սահմանն է։ Ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի ինքնավար տարածք և դրանից դուրս պիտի գան։ Մինչև նրանք այնտեղից դուրս չգան, Հայաստանը նույնիսկ իրավասություն չունի բանակցություններ սկսելու «խաղաղության դարաշրջանի» մասին։ Նման պարագայում դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին խոսելն անիմաստ է, քանի որ թշնամու զինվորը մեր տարածքում է կանգնած։ Մինչև չվերադառնան նախկին խորհրդային սահման, որևէ բան չպետք է անել»,- եզրափակեց քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը։

Տեսանյութեր

Լրահոս