«ՌԴ-ն նախազգուշացրեց ՀՀ-ին. ԵՄ առաքելության թիրախը ոչ միայն ՌԴ-ն է, այլև՝ Իրանը». Արգիշտի Կիվիրյան
Wall Street Journal-ը գրել է, որ Իրանի տարածքում գրանցված ահաբեկչության հետևում կանգնած են եղել Իսրայելը և ԱՄՆ-ը, քանզի նրանք «փորձում են նոր ուղիներ գտնել՝ զսպելու Իրանի միջուկային և ռազմական ամբիցիաները», նաև՝ խափանելու Իրան-Ռուսաստան խորացող ռազմական համագործակցությունը:
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն այն կարծիքին է, որ Իրանի թշմանիները հասկացել են՝ Իրանին կարճ ժամանակ է մնացել ատոմային զենք ստեղծելու համար, իսկ ատոմային զենք ունեցող պետության վրա հարձակումը դառնում է պրոբլեմատիկ, դրա համար գործընթացները սկսել են արագանալ:
«Ակնհայտ է, որ այս հարձակումների հետևում կանգնած են ԱՄՆ-ը, Իսրայելը, Մեծ Բրիտանիան, իրենք դա անում են այլոց ձեռքերով: Ադրբեջանը գործում է այդ ուժերի հետ նույն խմբի մեջ, և 44-օրյա պատերազմում և դրանից առաջ Ադրբեջանին օգնել են, զինել են: Ինչքան էլ մեզ համար ծանր է, որովհետև հայությունն է կրում դրա հետևանքները, Արցախը նրանց համար ընդամենը եղել է փոքրիկ մի քաղցրաբլիթ, որը իրենք մատուցել են Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանն էլ ավելի ընդգրկվի այդ գործընթացների մեջ: Այստեղ իրենք լուծում են բազմաթիվ խնդիրներ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Իրենց հիմնական նպատակն Իրանն իրենց ազդեցության օրբիտա վերադարձնելն է: Այսինքն՝ այն, ինչ եղել է անցյալում: Առավել ևս, որ Իրանը հարուստ է էներգակիրներով, կարող է լինել Ռուսաստանին այլընտրանք, Իրանին վերադարձնելով իրենց ազդեցության օրբիտա՝ կխափանվի ռուս-իրանական արդեն ձևավորված դաշինքը: Այդ պարագայում կխափանվի նաև «Հյուսիս-Հարավ» ստրատեգիական ճանապարհը, որով Ռուսաստանը հույս ունի Իրանի միջոցով դուրս գալ դեպի Հնդկաստան: Ակնհայտ է, որ Իրանը մինչև վերջ կփորձի զերծ մնալ պատերազմից, բայց դա չի նշանակում, որ Իրանը զերծ կմնա այս կամ այն գործողությունն իրականացնելուց: Վստահ եմ, որ որոշակի տեղերում Իրանը շատ կոշտ պատասխան է տալու, հավանաբար, դրանց մի մասը կլինի հրապարակային, որպեսզի իր հասարակությանը ցույց տա, որովհետև նաև ներքին խնդիրներ է լուծում: Իրանը բազմազգ պետություն է, և եթե այդ տարբեր ազգերը զգան թուլություն, դա կարող է բերել անջատողականության ալիքի բարձրացման, ինչը վերջին տասնամյակներում Իրանի հակառակորդները փորձում էին սնուցել: Դրա համար Իրանի պատասխանի մի մասը կլինի հրապարակային, մյուս մասը՝ ոչ հրապարակային: Այս ամենը սկիզբն է, սա վերջը չէ, սա հատուկենտ գործողություն չէ»,- ընդգծեց վերլուծաբանը:
Արգիշտի Կիվիրյանը հիշեցրեց՝ արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ էլ բազմիցս զգուշացրել է՝ հիմնական թիրախն Իրանն է. «Վերջին շրջանում մենք տեսնում ենք՝ Արևմուտքն ինչ հայտարարություններ է կատարում, երբ այցեր են լինում Բաքու կամ հանդիպում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ: Նրանք ուղիղ տեքստով ասում են, որ պետք է թույլ չտան, որ Իրանը մտնի այս տարածաշրջան: Տեսեք՝ երբ Թուրքիան մտավ այս տարածաշրջան, նույն արևմտյան գործընկերների համար դա որևէ խնդիր չհարուցեց, որովհետև լուծում է բազմաթիվ խնդիրներ նաև ընդդեմ Ռուսաստանի: Այսօր Թուրքիան մի ձեռքով աշխատում է Ռուսաստանի հետ, մյուսով՝ Արևմուտքի: Թուրքիան երկու լարերի վրա խաղալու քաղաքականությունն ինտենսիվ կյանքի է կոչում: Իսկ Իրանի առումով այդ զգուշացումները շատ կոշտ ձևով հնչում են: Նպատակ է դրված թույլ չտալ, որ Իրանը նույն Հայաստանում ավելի ուժեղանա: Ես գրեթե վստահ եմ, ԵՄ դիտորդները 2 տարով որ գալիս են Հայաստան, ակնհայտ է, որ դա քաղաքական միսիա չէ, դա համապատասխան ռազմականացված միսիա է: Այն լցված է լինելու մասնագետներով, որոնք կկարողանան և՛ իրավիճակը գնահատել, և՛ հետախուզական տվյալներ հայթայթել, և՛ անհրաժեշտության դեպքում՝ հասարակության հետ աշխատել: ԵՄ առաքելության թիրախը ոչ միայն Ռուսաստանն է, այլև՝ Իրանը: Ռուսների առումով իրենք տեղյակ են՝ ինչ է կատարվում, իսկ Իրանը փորձում է իր ազդեցությունն ավելացնել: Իրենց նպատակը կլինի ամեն գնով խոչընդոտել Իրանի ազդեցության ավելացմանը Հայաստանում»:
Նրա կարծիքով՝ ԵՄ առաքելության տեղակայումը ՀՀ-ում որոշակի առումով Ռուսաստանի ձախողումն է, դրա համար է ՌԴ-ն այդպես կոշտ արձագանքում. «Դա պայմանավորված է Ուկրաինայի գործընթացներով, որտեղ ՌԴ-ի ժամանակավոր անհաջողություններից օգտվում է ոչ միայն Ադրբեջանը. փորձում է օգտվել նաև Հայաստանը: Եթե Ադրբեջանը գիտի, դե դրանից ինչ է շահում, ապա Հայաստանը կարող է դրանից ուղղակի տուժել, բայց փորձում է ավելացնել այստեղ Արևմուտքի ներկայությունը: Ռուսաստանը դա շատ լավ հասկանում է, դրա համար այդ հայտարարությունը պետք է ուղիղ էլ ընկալել՝ ՌԴ նախազգուշացում, որ՝ մենք գիտենք՝ այդ դիտորդական առաքելությունն ուղղված է մեր դեմ, և մենք ձեռքներս ծալած չենք նստելու»:
Արգիշտի Կիվիրյանը նկատեց. «Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացրել է, հասցրել է թշնամանքի գագաթնակետին, որ Ռուսաստանը իր դաշնակցի վերաբերյալ հանդես է գալիս մի հայտարարությամբ, որն ուղղակի սպառնալիք է»:
Հարցին՝ ի՞նչ անել, որ Հայաստանն այս աշխարհաքաղաքական վայրիվերումներից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գա, թեպետ արդեն բազմաթիվ կորուստներ ունենք, նա պատասխանեց. «Որպեսզի մենք չունենանք նման կորուստներ, նման խելապակաս իշխանություն չպետք է ունենանք: Քանի ունենք այս խելապակաս իշխանությունները, ոչ միայն կարող է կորուստներով դուրս գանք, այլ կարող է ընդհանրապես դուրս չգանք»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում