Բաժիններ՝

Եվրամիության արտաքին սահմանների անօրինական հատումների թիվն ամենամեծն է եղել 2016 թ.-ից ի վեր. Frontex

Արտաքին սահմանների պահպանության եվրոպական գործակալությունը՝ Frontex-ը, 2022 թ.-ին արձանագրել է Եվրամիության արտաքին սահմանների անօրինական հատման դեպքերի զգալի աճ։ Այս մասին տեղեկանում ենք Frontex-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:

Frontex-ի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ 2021 թ.-ի համեմատությամբ՝ 2022 թ.-ին այդ թիվն աճել է 64 %-ով: «Նախնական հաշվարկներով՝ 2022 թ.-ին հայտնաբերվել է Եվրամիության արտաքին սահմանների ապօրինի հատման շուրջ 330 հազար դեպք: Սա 2016 թ.-ից ի վեր ամենաբարձր թիվն է և նախորդ տարվա համեմատությամբ աճել է 64 %-ով», – նշված է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել են գործակալությունում, 2020 թ.-ին համավարակի հետևանքով առաջացած անկումից հետո անօրինական մուտքերի թիվը կտրուկ աճել է երկու տարի անընդմեջ։ Անօրինական միգրացիայի ամենամեծ ինտենսիվությունը դիտվել է արևմտաբալկանյան ուղղությամբ՝ ընդհանուր թվի գրեթե կեսը։ Անօրինական միգրանտների 47%-ը եղել են Սիրիայի, Աֆղանստանի և Թունիսի քաղաքացիներ։

«Դրանից զատ, 2022 թ. փետրվարի 24-ից մինչև տարեվերջ Ուկրաինայից և Մոլդովայից գրեթե 13 միլիոն ուկրաինացի փախստական ​​է հատել ԵՄ արտաքին ցամաքային սահմանները», – նշել է գործակալությունը: Frontex-ում ընդգծել են, որ ուկրաինացի փախստականներին չեն ներառել անօրինական միգրացիայի վիճակագրության մեջ։ «Նույն ժամանակահատվածում սահմանի նույն հատվածներից մեկնել է Ուկրաինայի 10 միլիոն քաղաքացի»,- ասված է Frontex-ի հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս