Ադրբեջանի քաղաքացիները կես միլիոն լարիի 6 կգ ոսկի են անօրինականորեն ներմուծել Վրաստան
«Սարպի» մաքսային անցակետով (թուրք-վրացական սահման) Վրաստան են ներմուծվել առանձնապես խոշոր չափով չհայտարարագրված ոսկյա իրեր, ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության հաղորդագրության մեջ: Այդ մասին տեղեկացել ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից:
Այսպես, հունվարի սկզբին հետաքննչական ծառայության աշխատակիցներն արձանագրել են մինչև 6 կգ ընդհանուր քաշով թանկարժեք իրերի՝ «Սարպի» անցակետով անօրինական ներկրման երեք դեպք։ Թանկարժեք իրերի ընդհանուր մաքսային արժեքը գերազանցում է 500 հազար լարին (շուրջ 210 հազար դոլար)։ Հետաքննության տվյալներով՝ չհայտարարագրված ոսկերչական իրերի՝ երկիր ներմուծումն իրականացրել են Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք բեռնատար ավտոմեքենայով Թուրքիայից տարբեր ապրանքներ են տեղափոխել Ադրբեջանի ուղղությամբ։
Հետաքննությունը տարվում է «Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հետ կապված կանոնների խախտում» հոդվածով և պատժվում է 5-7 տարի ժամկետով ազատազրկմամբ։