Ադրբեջանը խախտում է Արցախի երեխաների կրթության իրավունքը. ԿԳՄՍՆ-ն դիմել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին և ՅՈՒՆԵՍԿՕ-ին
Ադրբեջանը, փակելով Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միջանցքը, երեխաների կրթություն ստանալու իրավունքն է խախտել. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը այս հարցով դիմել է թե՛ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին, թե՛ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի ուշադրություն հրավիրի երեխաների հիմնարար իրավունքների խախտումներին, որոնք տեղի են ունենում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով:
Այս մասին հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն՝ ընդգծելով, որ միջազգային կառույցների հասցեական արձագանքը և քայլերը շատ կարևոր են և կնպաստեն իրավիճակի արագ հանգուցալուծմանը:
Նա ասաց, որ առաջին իսկ օրվանից իրենք մշտական կապի մեջ են Արցախի հետ և համապատասխան աշխատանքային կապերի շրջանակներում ստանում են տեղեկատվություն ու փորձում են հասկանալ՝ ինչո՞վ կարող են աջակցել:
«Իհարկե, բոլորի առաջնային խնդիրը օր առաջ վերադառնալն է իրենց հարազատների և ընտանիքների մոտ: Բայց պետք է ասեմ, որ Գորիսում բոլոր կառույցները, մարզպետարանը հենց առաջին ժամերին ապահովել են անհրաժեշտ կեցության և սննդի ծախսերը: Զրուցեցի երեխաների և նրանց ուղեկցողների հետ, կարծես թե այդ մասով բոլոր խնդիրները կարգավորված են, և այս պահին էլ կարիքների գնահատում արվում է, հասկանանք ինչի՞ կարիքը կա, որպեսզի այդ ամենը շատ արագ կարգավորվի»,- ասաց Անդրեասյանը:
Նախարարը շեշտեց, որ առաջին իսկ պահից բոլոր դպրոցներին ասվել է, որ երեխաները ցանկացած օր կարող են գնալ և իրենց համապատասխանող դասարանում մասնակցել դասապրոցեսին, որպեսզի և՛ բաց չթողնեն դասերը, և՛ նոր ընկերներ ձեռք բերեն ու դրական միջավայրում հոգեբանական աջակցություն ստանան: