Արցախի ՄԻՊ-ը դիմել է միջազգային հանրությանը՝ խնդրելով գործողություններ ձեռնարկել նոր ցեղասպանությունը կանխելու համար
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Այսօր մարդու իրավունքների միջազգային օրն է։ Եվս մեկ առիթ՝ խորհելու, թե ինչպես և ինչքանով են պաշտպանված մարդու իրավունքները աշխարհում, հարցնելու ինքներս մեզ՝ արդյոք աշխարհի բոլոր մասերում ապրող մարդիկ օգտվում են նույն իրավունքներից և ազատություններից։
Այսօր մենք նաև նշում ենք Արցախի անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրը։ Օր, երբ մենք, իրացնելով մեր ինքնորոշման իրավունքը, արտահայտել ենք մեր կամքը՝ անկախ ապրելու մեր հայրենիքում և որոշելու մեր ապագան։
Ավելի քան երկու տարի է անցել հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից, որ պետք է վերջ դներ 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին և ապահովեր խաղաղություն Լեռնային Ղարաբաղում, սակայն այն, ինչ ունենք, շատ հեռու է խաղաղություն կոչվելուց։
Այս երկու տարվա ընթացքում ադրբեջանական կողմը դիմել է բազմաթիվ հանցագործությունների՝ սպանելով քաղաքացիական անձանց, առևանգելով և խոշտանգելով խաղաղ բնակիչների, ոչնչացնելով նրանց ունեցվածքը և մշակութային ժառանգությունը, դիտավորյալ խաթարելով կենսական նշանակության ենթակառուցվածքների աշխատանքը և ոտնձգելով Արցախի ամբողջ բնակչության հոգեբանական և ֆիզիկական անձեռնմխելիության դեմ։ Սրանք փաստեր են, որոնց հետևում մարդկային ճակատագրեր են, մարդկանց խաթարված կյանքն է ու մշուշոտ ապագան։
Վերջին շրջանում ադրբեջանական կողմը ակտիվորեն փորձում է փակել Լաչինի միջանցքը, որը միակ ճանապարհն է, որը կապում է Արցախի ժողովրդին արտաքին աշխարհի հետ։ Լաչինի միջանցքը թեկուզ մի քանի ժամով փակելը հղի է անդառնալի հումանիտար հետևանքներով։ Բայց Ադրբեջանը անտեսում է մարդու իրավունքները, անգամ իր քաղաքացիների իրավունքները։ Ադրբեջանն այսօր առաջ է մղում իր հանցավոր քաղաքականությունը, որի նպատակն է ամբողջությամբ հայաթափել Արցախը։
Մարդու իրավունքները համընդհանուր են, և Արցախի ժողովուրդը արժանի է բոլոր իրավունքներին, ինչպես աշխարհում յուրաքանչյուրը։ Ես դիմում եմ միջազգային մեծ ընտանիքին՝ խնդրելով գործողություններ ձեռնարկել նոր ցեղասպանությունը կանխելու և իմ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար։ Առկա վկայությունները առավել քան բավարար են միջազգային համապատասխան մեխանիզմներ գործի դնելու համար։ Սա մեկ կամ մի քանի դերակատարների պատասխանատվության հարց չէ, սա ամբողջ միջազգային հանրության պատասխանատվության հարց է։
Ես ձեզնից անկողմնակալություն և համարձակություն եմ ակնկալում։ Շնորհակալություն»: