ՀՀ ԱԳՆ-ն ձեռքերը լվացել է Հայոց ցեղասպանության հարցից. Մանուկյանը՝ ԱԳՆ կայքում հետին թվով հրապարակված հայտարարության մասին
Հայաստանի նախկին իշխանության ջանքերով՝ 2015 թվականին ՄԱԿ անդամ երկրները, Հայաստանի նախաձեռնությամբ, դեկտեմբերի 9-ը հռչակեցին որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր։
Ու չնայած այս օրը միջազգային է դարձել Հայաստանի ջանքերի շնորհիվ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դեկտեմբերի 9-ին ԱԳՆ մակարդակով մոռացել է անդրադառնալ օրվա խորհրդին։ Ավելին՝ դեկտեմբերի 9-ին Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա վերաբերյալ հայտարարությունը ՀՀ ԱԳՆ կայքում հրապարակել է դեկտեմբերի 10-ին, սակայն, հետին թվով. այս բացահայտումն իրականացրել է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքին դեկտեմբերի 9-ի ողջ օրը հետևած ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ուշադրություն հրավիրելով նաև այն հանգամանքի վրա, որ ԱԳՆ-ի՝ հետին թվով արած հայտարարության մեջ բացակայում է նաև այն երկրի անունը, որը ցեղասպանել է հայերին։
168.am-ի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՀՀ ԱԳՆ-ի այս գործելաոճի վերաբերյալ նկատեց՝ դեկտեմբերի 9-ի օրվա առիթով ՀՀ ԱԳՆ-ն վերջին երկու-երեք տարիներին որդեգրել է մի խիստ «յուրահատուկ» քաղաքականություն կամ, կարճ ասած՝ ձեռքերը լվացել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացից։
Ըստ Մանուկյանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 9-ի հայտարարության մեջ ՀՀ ԱԳՆ-ն ընդհանրապես չի նշել Հայոց ցեղասպանություն ձևակերպումը, իսկ 2020 թվականի նույնաբովանդակ հայտարարությունից ջնջել է այն հատվածը, որը վերաբերում է ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի տեքստի հեղինակ Ռաֆայել Լեմկինին։
«Այս տարի ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ մեկ անգամ նշվում է Հայոց ցեղասպանության մասին, բայց հատկանշական է, որ այն ուղղված է միջազգային հանրությանը, ՄԱԿ անդամ երկրներին, բայց ամեն թիթեռ նկարելու մասին լուրերը ԱԳՆ կայքում անգլերենով հրապարակողները ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում դեկտեմբերի 9-ի օրվա վերաբերյալ արած հայտարարությունն անգլերենով չեն հրապարակել։ Այսինքն, եթե անգամ մեկ ձևակերպում է արված՝ այն է՝ «Հայոց ցեղասպանություն», ապա անգլերեն բաժնում այդ հայտարարությունը չեն տեղադրել՝ այդ մասին միջազգային հանրությանը չիրազեկելու, ծածկադմփոց անելու նպատակով»,- ասաց Մանուկյանը։