«Քաղաքացուն պետք է բացատրել, թե ինչ է լինելու իշխանափոխությունից հետո»․ Վահե Հովհաննիսյան
«Բոլորն իլյուզիայի մեջ են, իշխանությունը՝ իշխանական գործունեության, ընդդիմությունը՝ ընդդիմադիր, հանրությունը՝ անհոգ կյանքի, բայց դա միայն երևացող կողմն է»,- «Հայկական օրակարգ. ինչպե՞ս դուրս գալ իլյուզիաներից» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ այս ամենի տակ շատ ավելի վտանգավոր գործընթաց է թաքնված․
«Սա պետությունից ձեռք քաշած, որևէ ընդհանրական գաղափար չունեցող հանրություն է, որն ապրում է օրվա ռեժիմով, օրվա հոգսով, և նկատվում է համակերպվելիության մի մեծ գործակից՝ ամեն մեկը փորձում է իր 1 քառակուսի մետրում համակերպվել՝ դե կրակեցին՝ լավ, դե Ջերմուկ մտան՝ ոչինչ։ Դա շատ ավելի վտանգավոր է»։
Վահե Հովհաննիսյանի կարծիքով, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո թույլ են տրվել բովանդակության և մենեջմենթի մի շարք կոպիտ սխալներ, ապա ներկայացրեց, թե ինչ պետք է անել իլյուզիայից դուրս գալու համար․
«Իլյուզիայից դուրս գալը չի լինելու մեկ օրում, չի լինելու կախարդական փայտիկով, մենք չունենք այն դիրիժորը, որն ամբողջ արկեստրը կարթնացնի, չի լինելու նման բան։ Եթե մեզ հաջողվի որպես առաջին քայլ՝ շատ նեղ էլիտաներին հանել իլյուզիայից, հետո արթնացնել հանրության 5 տոկոսին, այդ շարժիչն աշխատելու է, և հանրության տրամադրությունները փոխվելու են աչքիդ առաջ․․․
Իլյուզիայից դուրս գալու և հանրությանն արթնացնելու համար պետք է ճիշտ մենեջմենթ։ Դա ցանկություններով, բամբասելով, անիծելով չի, դա աշխատանք է։ Մենք հստակ կետերով, շատ պարզ չենք խոսում մեր հանրության հետ, թե ինչի՞ է պետք փոփոխվի իշխանությունը։ Երկրորդ կարևոր խնդիրն է՝ ի՞նչ է լինելու իշխանափոխությունից հետո․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում