Ասֆալտ փռելն աննախադեպ ձեռքբերում համարող Արշակյանին Արթուր Խաչատրյանն հիշեցրեց՝ նախկինում ռազմավարական ճանապարհ էին կառուցում՝ Սևանի ասֆալտած ճանապարհը ևս մեկ անգամ ասֆալտելու փոխարեն
Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն այսօր խորհրդարանական ամբիոնն օգտագործեց իրենց Կառավարության փռած ասֆալտի կիլոմետրերը ևս մեկ անգամ հաշվելու համար՝ դա համարելով արտահերթ ելույթի թեմա։
«Միայն 2018-2019 թվականներին ճանապարհաշինության ոլորտում այնքան ճանապարհ է կառուցվել, որքան դրանից առաջ 7-8 տարվա ընթացքում, պատկերացնո՞ւմ եք։ Այո՛, կարող են լինել թերացումներ, թերակատարումներ՝ մի փոքր, որովհետև մի բան է, երբ կառուցում ես 1 միավոր, մեկ այլ բան, երբ կառուցում ես 10 միավոր, որի մեջ 1-2 երկուսը կարող են թերակատարվել»,- ասաց Արշակյանը։
Ի պատասխան Հակոբ Արշակյանի այս արտահերթ և գերբովանդակալից ելույթի՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ընդգծեց.
«Ես հիշում եմ՝ նախկինում կառուցվել է շատ կարևոր ճանապարհներ, որով Շիկահողով Մեղրին միացել է Հայաստանի մյուս հատվածին, կառուցվել է Վարդենյաց լեռնանցքի ճանապարհը, որը նախկինում պետք է անցնեիր թրթուրավոր մեքենայով, կառուցվելուց հետո դարձել է բարեկեցիկ ճանապարհ։ Այ նման բարձրագոչ, ռազմավարական նշանակության ճանապարհի մասին ճիշտ կլինի խոսել, այլապես Սևանի ճանապարհը ևս մեկ անգամ ասֆալտելը հաճելի է, բայց ռազմավարական նշանակության առումով պակաս կարևոր է Վարդենյաց լեռնանցքի ճանապարհից, որովհետև դրանցով 2000 ականներին երթեևեկել հնարավոր չէր»։
Մանրամասները՝ տեսանյութում