Պատիվ է լինել Հայաստանի առաջին հավատարմագրված դեսպանն Ավստրալիայում. Արեգ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Ավստրալիայի գեներալ- նահանգապետին
Ավստրալական Միությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանը դեկտեմբերի 8-ին իր հավատարմագրերն է հանձնել Ավստրալիայի գեներալ-նահանգապետ Դեյվիդ Հարլիին:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում գեներալ-նահանգապետը հաջողություն է մաղթել դեսպանին կարևոր և պատասխանատու առաքելության մեկնարկի կապակցությամբ և խոստացել աջակցել նրա հետագա գործունեությանը:
Դեսպան Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանի և Ավստրալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարում իր համար պատիվ է լինել Հայաստանի առաջին հավատարմագրված դեսպանը Ավստրալիայում: Նա հույս հայտնեց, որ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-ավստրալական երկկողմ միջպետական հարաբերություններն առաջիկայում կբարձրացվեն որակական նոր մակարդակի:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ամենայն ջանք ներդնել հայ-ավստրալական բարեկամական հարաբերությունները զարգացնելու և խորացնելու ուղղությամբ: Այս համատեքստում ընդգծվել է նաև Ավստրալիայի հայ համայնքի կարևոր դերակատարությունը Հայաստանի և Ավստրալիայի հասարակություններին մերձեցնելու և երկու երկրները միմյանց համար ավելի ճանաչելի դարձնելու գործում: