Արցախի օրենսդրությամբ հանքի շահագործումը թույլատրված է, և այն շարունակելու է աշխատել. Արթուր Հարությունյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 5 խմբակցության ղեկավարների և ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հանդիպմանը քննարկվել է դեկտեմբերի 3-ի միջադեպը, երբ մի խումբ ադրբեջանցիներ «բնապահպանների» անվան տակ առաջ են քաշել Արցախում հանքերի շահագործման, ինչպես նաև պոչամբարների վտանգավորության մոնիթորինգ իրականացնելու վերաբերյալ հարցեր:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը՝ նշելով, որ Արցախի խորհրդարանականները, ներկայացնելով իրենց տեսակետները, անթույլատրելի են համարել ադրբեջանցիների կողմից նման մոնիթորինգի իրականացումը:

«Մենք ունենք համապատասխան կարգեր, և օրենքով ամբողջությամբ կարգավորված է ոլորտը: Կաշենի հանքավայրի շահագործումն իրականացնող «Բեյզ մեթըլս» ընկերությունն ունի բավականին բարձրակարգ մասնագետներ: Բացի այդ, հանքի շահագործման, պոչամբարների կառուցման, հետագա շահագործման մասով կան համապատասխան բոլոր եզրակացությունները: Ներկայացրել ենք մեր տեսակետն այն առումով, որ, եթե անհրաժեշտություն լինի տարածաշրջանում էկոլոգիական խնդիրներից ելնելով մոնիթորինգ իրականացնելու, ապա այդ դեպքում գոյություն ունեն միջազգային անկախ հեղինակավոր կազմակերպություններ, որոնք կարող են այդ եզրակացությունները տալ, որն ամբողջությամբ համապատասխանում է բոլոր նորմերին: Ադրբեջանի կողմից որևէ ներկայացուցիչ կամ մոնիթորինգային խումբն անընդունելի է, այսինքն՝ նրանց հետ այս հարցն ընդհանրապես կապ չունի»,-մանրամասնեց Արթուր Հարությունյանը:

Նրա խոսքով՝ հանդիպմանն անդրադարձել են նաև Լաչինի միջանցքում անցակետի տեղակայման հետ կապված խոսակցություններին:

Տեսանյութեր

Լրահոս