Իրանում գլխաշոր չկրող կանանց բանկային հաշիվները կարող են արգելափակվել. պատգամավոր
Իրանի խորհրդարանի պատգամավոր և խորհրդարանի մշակութային հանձնաժողովի անդամ Հոսեյն Ջալալին հայտարարել է, որ հիջաբի պարտադիր կրումը երբեք չի վերացվի, և այն չկրող կանանց բանկային հաշիվները կարող են արգելափակվել: Այս մասին հաղորդում է Iran International պարբերականը:
Ջալալին հայտնել է, որ «երկու շաբաթվա ընթացքում գլխաշորերը կվերադառնան կանանց գլխին»: Նա հաստատել է, որ գործող իշխանությունները որոշումներ են կայացնում հիջաբ կրելու կանոնների վերաբերյալ:
«Հնարավոր է, որ հիջաբ չկրող կանանց տեղեկացնեն SMS-ի միջոցով՝ խնդրելով հարգել օրենքը։ Նրանց ծանուցելուց հետո մտնում ենք նախազգուշացման փուլ… իսկ երրորդ փուլում կարող է արգելափակվել գլխաշոր չկրող կնոջ բանկային հաշիվը», – ասել է Ջալալին։
Իրանում վերջին օրերին հիջաբ կրելու հետ կապված իրարամերժ տեղեկություններ են տարածվում: Դեկտեմբերի 3-ին Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ-Ջաֆար Մոնթազերին հայտնել էր, թե «բարքերի ոստիկանությունը» լուծարվել է, սակայն երկրի ՆԳՆ-ն չհաստատեց դա, այնուհետև արտասահմանյան և իրանական լրատվամիջոցները սկսեցին տարբեր մեկնաբանություններ անել այն հարցի շուրջ, թե ինչպես են Իրանի իշխանությունները նախատեսում գործի դնել հագուստ կրելու հետ կապված կանոնները և միաժամանակ խաղաղեցնել ցուցարարներին:
Իրանում գրեթե 3 ամիս է՝ բողոքի ակցիաներ են տեղի ունենում, որոնք ուղեկցվում են բախումներով և անկարգություններով: Ցույցերը սկսվել են 22-ամյա քուրդ աղջկա՝ Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո. նա ձերբակալվել էր բարքերի ոստիկանության կողմից գլխաշորը սխալ կրելու համար և նրանց հսկողության տակ գտնվելու ընթացքում մահացել էր: Իրանի իշխանությունները երկրում տեղի ունեցող խռովությունները հրահրելու մեջ բազմիցս մեղադրել են արևմտյան երկրներին՝ նշելով, որ նրանք ցույցերն օգտագործում են Իրանի ներքին գործերին միջամտելու համար: