ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանն այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն
Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի ուղեկցությամբ այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն:
Այս մասին հայտնում են ԲԿ-ից, հիշեցնելով, որ ամիսներ առաջ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին վթարի էին ենթարկվել Ճապոնիայի քաղաքացիներ, ովքեր տեղափոխվել էին Սպիտակի բժշկական կենտրոն ու բարեհաջող վիրահատվել:
Բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանի եւ Լոռու մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լուսինե Վարդանյանի ուղեկցությամբ դեսպանը շրջել է հիվանդանոցում, ծանոթացել պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, հանդիպել նաեւ իրենց քաղաքացիներին վթարից հետո վիրահատած բուժանձնակազմին:
Դեսպան Ֆուկուսիմա Մասանորին, ի դեմս տնօրենի, ջերմ ընդունելության ու բնակչությանը մատուցվող որակյալ ծառայությունների համար շնորհակալություն է հայտնել բժշկական կենտրոնի անձնակազմին՝ խոստանալով, որ սա առաջին, բայց ոչ վերջին այցը կլինի հարազատ դարձած բժշկական կենտրոն: