Բաժիններ՝

Երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները Գյումրիում մեկնարկեցին Սուրբ պատարագի արարողությամբ

Երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները Գյումրիում մեկնարկեցին պատարագով. դեկտեմբերի 7-ին թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ պատարագ

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքի բնակիչները, քաղաք այցելած դիվանագիտական ու ուժային կառույցների ներկայացուցիչները, ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ՝ բարձրաստիճան պաշտոնյաները պատարագից հետո՝ ժամը 11:41-ին, ծաղիկներ խոնարհեցին զոհերի հիշատակը հավերժացնող «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: Հուշակոթողի մոտ կատարվեց հոգեհանգստի կարգ՝ թեմակալ առաջնորդի ձեռամբ:

«Մենք աղոթեցինք, որ Աստված լուսավորի երկրաշարժի մեր անմեղ զոհերի հոգիները. հոգիներն այն մանուկների, որ չհասունացան, չմեծացան ու այսօր մեզ սերունդ չպարգևեցին, հոգիներն այն երիտասարդների, ովքեր չհասցրեցին ընտանիք կազմել, հոգիներն այն մայրերի ու հայրերի, որոնք իրենց զավակներին որբ թողեցին՝ հակառակ իրենց ցանկության, և հոգիներն այն տարեցների, որոնք անակնկալ կերպով մահվանը հանդիպեցին: Այդ հազարավոր զոհերի հիշատակը պետք է միշտ ապրի մեր մեջ՝ մեր քաղաքում, մեր տարածաշրջանում և կոչի մեզ նորանոր գործերի, իրենց չարածն անելու, իրենց կիսատ թողածը լրացնելու, իրենց փոխարեն ապրելու և իրենց փոխարեն հզորանալու»,-իր խոսքում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Հայաստանում 34 տարի առաջ տեղի ունեցավ խոշոր բնական աղետ, որը լուրջ մարտահրավեր դարձավ երկրի համար: Հաշված վայրկյանների ընթացքում ավերիչ երկրաշարժը հազարավոր շինությունների փլուզման, տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձավ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11:41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում 10 բալ էր:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս