Բաժիններ՝

Կոնգրեսի պրոֆիլային հանձնաժողովները ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեի նախագիծը համաձայնեցրել են 858 մլրդ դոլարի չափով

ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների զինված ուժերի հարցերով հանձնաժողովները 2023 ֆինանսական տարվա (սկսվել է հոկտեմբերի 1-ին) պաշտպանական բյուջեի նախագիծը համաձայնեցրել են 858 միլարդ դոլարի չափով:

Համաձայնեցված նախագծի ծավալը 45 միլիարդ դոլարով ավելի է այն ծավալից, որ Սպիտակ տունը պահանջել էր այս տարվա սկզբին: Ընդ որում, 2022 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի չափը կազմել էր 778 միլիարդ դոլար: Նախագծում ներառված են միջոցներ, որոնք կհատկացվեն ամերիկյան հետախուզությանը, նոր ինքնաթիռներին, նավերին, ռազմական փոխադրամիջոցներին, ինչպես նաև արդի տեխնոլոգիաներին:

Այսպես, բյուջեի նախագիծը ներառում է 2,7 միլիարդ դոլար ռազմամթերքի արտադրության կարողությունների մեծացման համար և որոշ սահմանափակումների ժամանակավոր չեղարկում այնպիսի պայմանագրերի համար, որ դրանք մատակարարվեն Ուկրաինային: ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեի նախագիծը ենթադրում է առնվազն 800 միլիոն դոլարի տրամադրում Ուկրաինային՝ անվտանգության ապահովման ոլորտի համար:

«(Պաշտպանական բյուջեն) ենթադրում է 800 միլիոն դոլարի հատկացում Ուկրաինայի անվտանգությանն աջակցելու նախաձեռնության համար, որի շրջանակներում օժանդակություն և օգնություն է ցուցաբերվում Ուկրանիայի զինված ուժերին:

Դա (Սպիտակ տան) բյուջետային հայտից 500 միլիոն դոլարով ավելի է», – նշվում է պաշտպանական բյուջեի օրինագծի պարզաբանող նյութերում, որոնք դեկտեմբերի 6-ին տարածել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովը:

Միացյալ Նահանգները մտադիր է 11,5 միլիարդ դոլար տրամադրել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում պաշտպանական զսպման համար, նշվում է բյուջեի նախագծում: Օրենսդիրները նաև մտադիր են հինգ տարվա ընթացքում մինչև 10 միլիարդ դոլար տրամադրել Թայվանին զենքի և ռազմական տեխնիկայի վաճառքի ֆինանսավորման, ինչպես նաև անվտանգության ոլորտում զինպատրաստության և այլ տեսակի օգնության համար:

Կոնգրեսի երկու պալատների պրոֆիլային հանձնաժողովները նաև հավանություն են տվել միջուկային զենք կրելու կարողությամբ B-21a վեցերորդ սերնդի ռազմավարական ռմբակոծիչների ծրագրի լիակատար ֆինանսավորմանը: Պաշտպանական բյուջեի նախագիծը ներառում է հակաօդային պաշտպանության համակարգի ամրապնդման և գերձայնային զենքին հակազդման հետ կապված նախաձեռնություններ:

Ակնկալվում է, որ փաստաթուղթը Ներկայացուցիչների պալատում քվերակության կդրվի այս շաբաթ, այնուհետև դրա շուրջ քվեարկությու ն կկայանա Սենատում: Բյուջեի վերջնական նախագիծը կուղարկվի ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ստորագրությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս