Որոշել են ընդառաջել Ավինյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի եւ Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի մտերիմ Սաշա Կատվալյանը, ով հոկտեմբերի վերջերին Փաշինյանի ցուցումով ազատվել էր Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի պաշտոնից, նշանակվել է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի խորհրդական։

Հիշեցնենք, որ անկախության օրը զոհվածների ծնողների նկատմամբ ոստիկանների կիրառած բռնության դեպքերի առթիվ Կատվալյանը ֆեյսբուքյան գրառում էր արել՝ ընդամենը մեղմ քննադատական կոչ․ «Տղե՛րք, կարմիր գծեր կան, որ չպետք է անցնել»։ Կատվալյանի այս «հանդգնությունը» Փաշինյանին զայրացրել էր, եւ նա հրահանգել էր ազատել վերջինիս, սակայն Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին իշխանությունների վերարտադրության հարցն այնքան կարեւոր է, որ որոշել են ընդառաջել Ավինյանին՝ Կատվալյանին քաղաքապետի խորհրդական նշանակելով։ Մեր աղբյուրներն ասում են, որ Կատվալյանը Մալաթիայում կարող է լավ ձայներ բերել, դրա համար էլ նրան պաշտոն են տվել՝ ապագայում ավելի լավ պաշտոնի նշանակվելու խոստումով»:

Տեսանյութեր

Լրահոս