Շուրջ 10 մլն դրամանոց աշխատաժողով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ տեղի ունեցած վճռաբեկ, վերաքննիչ եւ առաջին ատյանի դատավորների մասնակցությամբ աշխատաժողովը թանկ է արժեցել ՀՀ պետական բյուջեի վրա: Մասնավորապես, նոյեմբերի 25-ից 27-ը «Գետափ Դիլիջան» ռեստորանում ՀՀ դատավորների աշխատաժողովի ընթացքում ՀՀ դատական դեպարտամենտը 1 մլն 346 հազար դրամի պայմանագիր է կնքել «Սուրեն Աղաջանյան» ՍՊԸ-ի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընթրիքը կազմակերպված է եղել 132 անձի համար: Ընդ որում՝ ընթրիքն իր մեջ ներառել է մսի, թթվի, պանրի տեսականի, երկու տեսակի աղցաններ, հիմնական ուտեստ եւ խավարտ, ինչպես նաեւ աղանդեր: Բացի այդ, նույն աշխատաժողովի կազմակերպման համար Դատական դեպարտամենտը պայմանագիր է կնքել «Դիլիջան առողջարան» ՓԲԸ-ի հետ եւ 1 մլն 888 հազար դրամ տրամադրել 38 հոգու՝ երկու օրվա գիշերակացը կազմակերպելու համար:
Տեղեկացանք, որ պատվիրված են եղել 4 կիսալյուքս, 34 ստանդարտ համարներ, եւ պատվիրված է եղել նաեւ նախաճաշ՝ 38 հոգու համար: Սակայն սա էլ դեռ ամենը չէ. նոյեմբերի 25-ից 27-ի համար աշխատաժողովի մասնակիցների համար գիշերակաց է կազմակերպվել նաեւ «Բեսթ Վեսթերն Փլաս Փարադայս Հոթել Դիլիջան» հյուրանոցում 83 հոգու համար, եւ տրամադրվել է 2 մլն 642 հազար 600 դրամ, իսկ 5 մլն 361 հազար դրամ էլ տրամադրվել է այդ նույն հյուրանոցում 83 հոգու համար 2 անգամ նախաճաշ, 130 հոգու՝ 2 անգամ ճաշ , սուրճի ընդմիջում եւ մեկ անգամ ընթրիք կազմակերպելու համար: Այսինքն՝ երկու օր Դիլիջանում աշխատաժողով կազմակերպելու համար մեկ անձից կատարվել է 9 մլն 538 հազար դրամի գնում»: