19 թանկարժեք նկար հայտարարագրած Արսենյանը Թունյանին կոչ է անում մոռանալ նկարների, դրանց հարկերի մասին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի կարծիքով՝ պետք է հայտարարագրել ոչ միայն ՀՀ բոլոր քաղաքացիների եկամուտները, այլ նաև գույքը։

«Կան կարծիքներ, որ պետք է լինի ոչ միայն եկամուտների, այլ նաև գույքի հայտարարագիր. պետք է նայել ոչ միայն եկամուտները, այլ նաև ունեցվածքը, որովհետև մարդը կարող է ունենալ 100 հազար դրամ աշխատավարձ, բայց տանը կախած ունենա Մարտիրոս Սարյանի մի քանի տասնյակ հազար դոլարանոց կտավ»,- Ազգային ժողովում համատարած հայտարարագրման վերաբերյալ նախագծի քննարկման ընթացքում ասաց Թունյանը։

Մարտիրոս Սարյանի նկարների հիշատակումը դուր չեկավ  մեկ այլ ՔՊ-ական պատգամավորի՝ Գուրգեն Արսենյանին. Նա Թունյանին առաջարկեց  մարդկանց ունեցած նկարները հանգիստ թողնել։

«Ժամանակն է մի քիչ այլ հիմնավորումներով առաջնորդվենք, սոցիալական արդարության գաղափարախոսությունը գրավիչ է, բայց արդար չի, որովհետև դա չի կառուցվում հարստությունը վերաբաշխելով, դա կառուցվում է հարստություն ստեղծելով և աղքատներին հարստացնելով։ Պատին կախած նկարը երբեմն՝ թանկանում, երբեմն՝ էժանանում է, մոռացեք նկարների մասին, այդ հարկային բանից դուրս եկեք։ Հո մարդիկ կրակը չե՞ն ընկել, որ իրենց տանը նկարներ ունեն»,- ասաց Արսենյանը։

Հիշեցնենք, որ Գուրգեն Արսենյանը 2021 թվականի  հայտարարագրում հայտարարագրել է 19 միավոր նկար՝ 532,900,000 դրամ արժեքով։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս